Home / Շուկա / «Սանիթեքի» աշխատակիցները 59-ամյա տղամարդու են ծեծել․ նա մահացել է․ araratnews.am

«Սանիթեքի» աշխատակիցները 59-ամյա տղամարդու են ծեծել․ նա մահացել է․ araratnews.am

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Չարբախի տարածքում, «Սանիթեք» սանմաքրում և աղբահանություն իրակնացնող ընկերության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել երկու անձինք, որոնցից մեկը մահացել է։  Այս մասին գրում է araratnews.am-ը։

«Մեզ հայտնի դարձավ, որ վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենան լվանալու պատճառով: Մասնավորապես, «Սանիթեքի» աշխատակիցները տվյալ տարածքում գտնվող ավտոլվացման կետում իրենց մեքենաներն են լվացել, իսկ քանի որ հոտը տարածվել է տարածքում, բնակիչներից մեկը խնդրել է այլ վայրում գործողությունը կատարել: Այս հանգամանքը դուր չի եկել աշխատակիցներին, ովքեր այդ մարդու հեռախոսահամարն են վեցրել, որպեսզի հետագայում հանդիպեն և հաշիվները մաքրեն: Հիշյալ բնակիչը ԱԱԾ նախկին աշխատակից է, որը ընկերության աշխատակիցների հետ հանդիպման է գնացել որդու հետ: «Սանիթեքի» աշխատակիցները եղել են մոտ 20 հոգի, ովքեր դաժան ծեծի են ենթարկել այդ մարդուն և իր որդուն: Մեր տեղեկություններով՝ հայրը ծեծից հետո սրտի կաթված է ստացել և մահացել, որդին էլ ստացել է մարմնական վնասվածքներ»,֊ գրում է կայքը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է, որ  օգոստոսի 15-ին` ժամը 20.40-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։

«59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված (համատարածուն) աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- ասել են քննչական կոմիտեից:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ)։

«Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այդ անձը «Սանիթեքի» աշխատակից է»,֊  գրում է araratnews.am-ը։