Գլխավոր / Բնապահպանություն / Ինքնավարության կորուստը. Խոսրովի հրդեհն ու ջուրը

Ինքնավարության կորուստը. Խոսրովի հրդեհն ու ջուրը

Խոսրովի արգելոցի մոտ գտնվող Ուրցաձոր համայնքի բնակիչներին Երևանից լրագրողների ժամանելը չզարմացրեց. վերջին օրերին նրանք մայրաքաղաքից բազմաթիվ հյուրերի էին տեսել, այդ թվում՝ լրագրողների: Հրդեհի մասին շատ չէին ցանկանում խոսել. ինչպես պարզեցինք, դա ուրցաձորցիների խնդիրներից մեկն է միայն: Բազմաթիվ զրույցների ընթացքում, սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները վերլուծելով, գրեթե բոլորը հանգում էին մի մտքի՝ Հայաստանում գյուղերը կորցրել են ինքնավարությունը, և դա է դժվարությունների հիմնական պատճառը:

Խոսրովի հրդեհը

Մինչ պաշտոնական քննությունը պարզում է հրդեհի պատճառները, ուրցաձորցիները կանխատեսում են՝ ինչ են ասելու չինովնիկները և քմծիծաղում: Տարբեր մարդիկ տարբեր զրույցների ժամանակ նույնն են ասում՝ հրդեհի պատճառը բնական չի եղել, ինչ-որ բան են արգելոցում արել, սակայն ավելի մանրամասն պատմել չեն ցանկանում:

Ինչպես ասաց մոտ 35 տարեկան մի տղամարդ՝ «վերջում անմեղի վրա են ջարդելու, բայց սաղ գիտեն՝ ինչ արվում ա անտառում, վերևները տեղյակ են»:

Վարկածներից մեկի համաձայն՝ արգելոցում խոտ են հնձել, հնձող մեքենան տաքացել է, կայծ տվել, որից էլ հրդեհն է սկսել: «Խոտն ինչո՞ւ են հնձում» հարցին պատասխանում են, թե պաշտոնական բացատրությունը՝ խոտն արգելոցի ձիերի համար է: Մեր զրուցակիցներից մեկն էլ ավելացնում է՝ յոթ ձի ունեն, ու բոլորը ծիծաղում են: Յոթ ձիու համար էդքան խոտն ի՞նչ են անում: Տղամարդկանցից մեկն էլ քիչ անց ավելացնում է՝ խոտի տուկը 1000-ից 1400 դրամ է: Մնացածը չեն ասում, թողնում են, որպեսզի հյուրերն ինքնուրույն համադրեն փաստերը:

Կամաց-կամաց մեր զրուցակիցներն ավելացան, վստահությունը մեծացավ և ուրցաձորցիները սկսեցին բողոքել: Նրանց խոսքով՝ անտառից իրենք չեն օգտվում՝ որս անելը, բնականաբար, արգելվում է, և անգամ մանդակ թույլ չեն տալիս հավաքել:

«Պատկերացրեք՝ էդ ինչքան պիտի գյուղացին հավաքի, որ արգելում են: Բայց իրենք անտառից լավ օգտվում են: Գիտենք, որ որս անող էլ կա, սաղ էլ գիտեն՝ ովքեր են», — անուններ ուրցաձորցիներն, այնուամենայնիվ, չեն տալիս, ասում են՝ վերևներից են:

Տղամարդկանցից մեկն էլ, ի վերջո, ասում է ամենակարևորը, այն, ինչի մասին խոսում են գյուղում հրդեհից հետո. «Եթե անտառը մեզ տան, դոշով կպահենք: Էս տարի կրակը հանգցնելուն էլի օգնում էինք, բայց նենց չէ, ոնց որ, ասենք, երկու տարի առաջ: Անտառը մեզ բան չի տալիս: Եթե անտառը մեզ տան, ավելի լավ կնայենք: Հրդեհներն էլ մեր ուժերով կհանգցնենք, որսագողեր էլ չեն լինի: Սաղ որսագողերին գիտենք, կասենք՝ էլ չեն կարողանա անել: Բայց հիմա անտառն էլ են խլել, ջուրն էլ, ամեն ինչն էլ, ո՞ւմ համար անեմ»:

Գյուղացիները պատմում են, որ ամեն դեպքում այս անգամ էլ՝ ինչով կարողացել օգնել են, վիլիսներով մարդկանց վերև են բարձրացրել ու շատ ավելի լավ են աշխատել, քան ոստիկանները և ԱԻՆ աշխատակիցները:

Խնդիրները բազմաթիվ են եղել. նախ, գյուղացիների խոսքով, ոստիկանները հաճախ «սաչկավատ» են արել, իսկ ԱԻՆ աշխատակիցները ո՛չ տարածքն են լավ իմացել, ո՛չ էլ տիրապետել են նման պայմաններում գործելու կանոններին:

«8 չիմանցի (Ուրցաձորի նախկին անվանումը Չիման է եղել – խմբ.) 20 հոգու արած գործն անում էր: Բացի էդ, չեն հասկացել՝ ինչ անեն, էն տեղերը, որտեղ կրակի դեմը կարային շուտ առնեին, չեն արել: Մի խոսքով՝ ոչ պրոֆեսիոնալ են», — ասում է մեր զրուցակիցներից մեկը: Գյուղում այդ կարծիքն ամրապնդված է, ոչինչ չի համոզի հակառակում, տեղացիները «աչքի տեսածն» են պատմում:

«Կարճ ասած, Խոսրովի անտառային մասի մեծագույն հատվածը վառվել ա: Սիրտը չկա, ոտերն ա մնացել», — եզրափակում է ուրցաձորցին:

Ջրի խնդիրը

Անտառի վառվելը հատկապես մտահոգիչ է ջրի սակավության պատճառով։ Գյուղով անցնում է Վեդի գետը, որից էլ Ուրցաձորը ջուր է վերցնում այգիներն ու հողատարածքները ոռոգելու համար։ Հրդեհից հետո անտառը մոտ ժամանակներում չի վերականգնվի, իսկ այն, ինչպես ասում են ուրցաձորցիները, խոնավություն էր պահում, և ուրեմն ջուրը ավելի քիչ կլինի։ Ջրի խնդիրը համայնքի բնակիչների համար առաջնային է. Խոսրովի մասին մեր բոլոր զրույցները հանգում էին ջրի բացակայության թեմային։

Չոր ամառվա պայմաններում ջուրը չի բավարարում, բացի դա, այն սխալ է բաշխվում։

Գյուղում մի քանի տեղ մեզ կանգնեցնում էին, սկսում բողոքել, թե այգիները չորանում են, անգամ տնամերձերը չեն կարողանում ջրել։ Ներդրումներ են անում, օրինակ, խնձորի այգու մեջ, բայց ջրի բացակայության պատճառով բերք չեն ստանում․ «Հողը գյուղացուն չի պահում»։

Տնամերձ հողամասերից մեկը

Գրեթե բոլորը միաբերան պնդում են՝ եթե ջուրը հավասարաչափ բաշխվեր, քիչ թե շատ բոլորը կկարողանային «յոլա գնալ»։ Ջրի համար, ինչպես նշեցին, պատերազմներ են ընթանում, մարդիկ թշնամանում են։

«Ինչո՞ւ ջուրը հավասարաչափ չի բաշխվում» հարցը որոշ ժամանակ անպատասխան է մնում։ Քիչ անց, սակայն, ուրցաձորցիները բացվում են։

«Կարճ ասած, ով ուժեղ ա, ջուր կունենա, ով թույլ ա, չի ունենա», ֊ շատ հակիրճ բացատրեց մեր զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ ուրցաձորցի ավելի հստակ է խոսում․ ջուրն այժմ գյուղին չի պատկանում, պատասխանատուները «վերևներն են»։ Օրինակ, մարզպետարանից կամ այլ պետական կառույցներից «թափով» չինովնիկները կարող են զանգել, կարգադրել, որպեսզի իրենց բարեկամին ջուր տան։ Այդ իսկ պատճառով էլ՝ մարդ կա 3 օրը մեկ կարողանում է ջրել, մարդ կա՝ 10 օրը մեկ չի կարողանում։

Վեդի գետը

Եվ կրկին զրույցը հանգում է ինքնավարության կորստին։ Յուրաքանչյուր ոլորտում կենտրոնացումը բերում է լուրջ խնդիրներին։ Գյուղացիները պնդում են՝ եթե իրենց տան որոշումներ կայացնելու իրավունք, խնդիրները հեշտ կլուծվեն։ Նախկինում այդպես էր եղել․ ավելի չոր տարիներին կարողացել են պայմանավորվել, բոլորի հողատարածքներն էլ ջրել են։

«Ամեն ինչ անում են, որ գնանք։ Ինչքան էլ աշխատես, արդյունքը չես տեսնում։ Դրա համար էլ գյուղի մեծ մասը խոպան ա։ Ով էլ կարում ա, ընտանիքը տանում ա։ Ես էլ եմ ուզում գնալ, էրեխեքս ուրիշ տեղ մեծանան։ Ու չմտածեք՝ հայրենասեր չեմ, բայց այլ տարբերակ չի մնում», ֊ եզրափակում է զրուցակիցը։