Գլխավոր / Բանակ / Զինվորի մահվան գործով պետք է քննվի նաև սպանության վարկածը․ փաստաբան

Զինվորի մահվան գործով պետք է քննվի նաև սպանության վարկածը․ փաստաբան

Այս տարվա սկզբին՝ հունվարի 16-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղում՝ դիրքերում, հրազենային վիրավորումից մահացած Գուրգեն Սարգսյանի գործով նախաքննական մարմինը բացթողումներ է թույլ  տվել։ Մի շարք հանգամանքներ Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին հիմք են տալիս պնդել, որ քննությունը պետք է քննի ոչ միայն զենքի հետ կանոնների խախտման, այլ նաև սպանության վարկածը։

Համաձայն քրեական գործի նյութերի՝ հունվարի 16-ի գիշերը՝ 23։30-ին, մեղադրյալ Գարեն Հովհաննիսյանը և լեյտենանտ Աշոտ Պողոսյանը մեկ այլ մարտական դիրքից վերադարձել են դիրք։ Այնտեղ լեյտենանտն իրեն ամրակցված ինքնաձիգը փոխանցել է հերթափոխում գտնվող ժամկետային զինծառայող Վլադիմիր Սարգսյանին և կարգադրել ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարել, որից հետո գնացել է զուգարան։ Գարեն Հովհաննիսյանը Սարգսյանից վերցրել է ինքնաձիգը և գնացել գետնատնակ՝ ինքնաձիգի լիցքաթափումը կատարելու։ Գետնատնակում առանց պահեստատուփը հանելու քաշել է փակաղակը և ստուգիչ կրակոց արձակել, որի հետևանքով իրենից մոտ 1,5 մետր հեռավորության վրա կանգնած Գուրգեն Սարգսյանին գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Վերջինս տեղափոխվել է նախ Ստեփանակերտի զինհոսպիտալ, ապա Երևան և այնտեղ էլ 1.5 ամիս անց՝ մարտի 1-ին, մահացել է։

Գարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Epress.am-ի հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ինքն այն կարծիքին է, որ ամբողջական քննություն չի կատարվել։

Զենքը Սարգսյանի վրա է պահվել

«Չեմ ուզում պնդել, որ առկա է սպանություն, կամ եղել է զենքի հետ վարվելու կանոնների խախտում։ Սակայն գործում կան որոշակի փաստական հանգամանքներ, որոնք որ խիստ կասկած են հարուցում մեղադրանքի առումով», — նշել է Սիմոնյանը։

Նախ, վերջինիս խոսքով, կասկած է հարուցում այն հանգամանքը, թե ինչու Գարեն Հովհաննիսյանը դրսում չէր իրականացրել զենքի լիցքաթափումը․

«Մի փոքր անտրամաբանական է դա։ Կարծում եմ, որ եթե անձը տեսներ, որ իր առաջ զինվոր է դուրս եկել և, նպատակ ունենալով զենքն ընդամենը լիցքաթափել, գոնե վերև կպահեր այն։ Իսկ գնդակի ուղղությունը, համաձայն փորձագետի եզրակացությունների, ուղղահայաց է եղել։ Եվ վնասվածքն էլ գլխի շրջնում ոչ թե թեքություններ է ունեցել, այլ ուղիղ է եղել»։

Դատախազությանն ուղղված իր բողոքում փաստաբանը նշել է, որ այս ամենն իրեն հիմք է տալիս եզրահանգել, որ բազմակողմանի քննություն չի կատարվել և գործի քննությունը ենթակա է վերասկսման, իսկ Հովհաննիսյանին պետք է մեղադրանք առաջադրվեր 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

4 հոգուց ոչ մեկը չի արթնացել կրակոցի ձայնից

Դեպքի օրը գետնատնակում եղել են ևս 4 ժամկետային զինծառայողներ, որոնց վկայությունների համաձայն, դեպքի պահին նրանք քնած են եղել, կրակոցի ձայն չեն լսել և ոչինչ չեն տեսել։

«Նրանց ցուցմունքները անարժանահավատ են, քանի որ փակ տարածությունում անհնար է ինքնաձիգի կրակոցի ձայն չլսել ու չարթնանալ։ Այն դեպքում, երբ բավական հեռավորության վրա՝ հենակետում կանգնած զինծառայող Տիգրան Եղիազարյանը լսել է կրակոցի ձայնը», -ասել է Սիմոնյանը։

Փաստաբանը նշել է նաև, որ չի գտնվել այն գնդակը, որից վիրավորվել է Գուրգեն Սարգսյանը․ «Գետնատնակում լավ փնտրելու պարագայում, կգտնվեր գնդակը»։

Սպային մեղադրանք չի առաջադրվել

ՀՀ Քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում զենքն ապօրինի մեկ այլ զինծառայողի փոխանցելու համար։

Սիմոնյանի խոսքով՝ արդեն իսկ անօրինական է, որ լեյտենանտն իրեն ամրակցված զենքն ինքը չի լիցքաթափել, այլ իր ենթակային է փոխանցել։

«Եթե ենթադրենք՝ մեղադրյալի կողմից այս ամենը եղել է անզգուշության հետևանք, ապա նշանակում է, որ եթե սպան անօրինական կերպով զենքը չփոխանցեր, զինվորը չէր կրակի»։

Սիմոնյանը միջնորդել է Գլխավոր դատախազություն՝ Աշոտ Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցով, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։

Գործն ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան։