Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռերի» անդամն ինքն իրեն ցավազրկողներ է ներարկում․ նրա ոտքը չեն վիրահատում․ փաստաբան

«Սասնա ծռերի» անդամն ինքն իրեն ցավազրկողներ է ներարկում․ նրա ոտքը չեն վիրահատում․ փաստաբան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, այլևս չդիմանալով վիրավոր ոտքի, երիկամների ահագնացող ցավերին, բանտում ինքն իրեն ցավհանգստացնողներ է ներարկում։ Կալանավորվելուց հետո՝ մեկ տարի շարունակ, Հայաստանի իշխանություններն այդպես էլ որոշում չեն կայացնում վիրահատել նրա վիրավոր ոտքը։ Վերջինիս վիճակի հետ կապված քայլեր ձեռնարկելու համար՝ ՄԻԵԴ-ը Հայաստանին վերջնաժամկետ է ներկայացրել։ Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը ներկայացրել է նրա առողջական վիճակի մանրամասները։

Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում էր ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել, սակայն ոտքի վիրահատություն չէր իրականացվել։ Հարությունյանի պաշտպանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով Հարությունյանի վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը:

Դեռևս նախորդ տարի՝ 2016 թվականի դեկտեմբերին, Սարգսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ Հարությունյանի նկատմամբ մշտապես վատ վերաբերմունք է դրսևորվում․ նրան չէին բուժում, որի հետևանքով ՔԿՀ-ում նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Դրա հետ մեկտեղ պաշտպանը ներկայացրել էր Հարությունյանի կալանքի մասով դիմում՝ նշելով, որ այն նրա նկատմամբ կիրառելն ապօրինի է։ ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով Սարգսյանի ներկայացրած փաստերը, որոշել էր, որ Հարությունյանի կյանքին իրոք վտանգ է սպառնում։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությանը հրահանգվել էր Հարությունյանին անհապաղ բուժում տրամադրել և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել։

Սակայն, պաշտպանի խոսքով, ՀՀ կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեց Հարությույանի առողջական վիճակի հետ կապված։ Ավելին՝ արտերկրից հրավիրված բժիշկներին չթույլատրեցին տեսակցել կալանավորին և չտվեցին ռենտգեն հետազոտության արդյունքները։ Չնայած ՄԻԵԴ-ի պարբերաբար պահանջներին՝ կազմել բժշկական հանձնաժողով և դրա մեջ ընդգրկել նաև արտերկրից ժամանած բժիշկներին՝ Հարությունյանի պաշտպանի հրավիրած միայն մեկ բժիշկ ընդգրկվեց այդ խմբում։

Այնուամենայնիվ, կայացավ կոնսիլիում, որի ժամանակ որոշում ընդունվեց, որ Հարությունյանին հարկավոր է ընդամենը 20-օրյա վերականգնողական բուժում։

«Այն դեպքում, երբ նրա ոտքը փշրված է։ Մեր կողմից ընդգրկված Հոլանդիայից ժամանած բժիշկը, սակայն, պնդում էր վիրահատություն անել։ Բայց քանի որ Հովհաննեսի ոտքը բարակում էր և քարանում (ատրոֆիա), նա կարող էր անգամ ոտքը կորցնել, այդ պահին ոչ մի ելք չէր մնում, քան համաձայնել այդ 20-օրյա բուժմանը», — նշել է Սարգսյանը։

Ապրիլ֊մայիս ամիսների ընթացքում Հովհաննես Հարությույանը տեղափոխվում է «Գրացիա» Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն։

«Սակայն այնտեղ խուսափեցին անել շատ մերսումներ, քանի որ նրա ոտքի մեջ սուր բեկորներ կան և կարող էին անոթ վնասել», — պաշտպանի խոսքով՝ «Գրացիա»-ի կողմից տրված էպիկրիզում հստակ նշված էր, որ Հարությունյանի շարժումները սահմանափակ են, նա ունի երիկամային խնդիրներ։

Էպիկրիզն ուղարկվել է արտերկրի բժիկներին, որոնք նշել են, որ Հովհաննես Հարությունյանին  վիրահատություն է անհրաժեշտ եղել դեռևս 2016 թվականի օգոստոս ամսին։

Բժիշկների եզրակացության համաձայն՝ վիրահատությունը չանելը կարող է առաջացնել անկիլոզ՝ հոդի քարացում, կարող է առաջանալ քրոնիկ օստիոմիելիտ՝ ոսկրային ինֆեկցիա։

Չնայած որ Հովհաննես Հարությունյանին տեղաշարժվել չի կարելի, օգոստոսի 3-ի դատական նիստից հետո, հիշեցրել է պաշտպանը, նրան հրելով ու քաշքշելով իջեցրել են աստիճաններից։

Վերջին դեպքի հետ կապված ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պարզաբանումներ է պահանջել, որի համար Հայաստանի իշխանությունները մինչև սեպտեմբերի 6-ը ժամամանակ են խնդրել։

Հայարփի Սարգսյանն ասել է, որ խմբի անդամներից հենց Հարությունյանի նկատմամբ է այսպիսի տարբերակված մոտեցում․ «Որևէ մեկին բուժման հետ կապված այդպես չեն վերաբերվել։ Խմբի մյուս բոլոր վիրավորներին վիրահատել են, բացի Հովհաննեսից»։