Home / Բանտ / Ինքնասպանության վարկածը հերքելուց հետո մահացած երիտասարդի գործը չպետք է կասեցվեր

Ինքնասպանության վարկածը հերքելուց հետո մահացած երիտասարդի գործը չպետք է կասեցվեր

Այն բանից հետո, երբ հոգեբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ կալանավորվելուց ժամեր անց բանտում մահացած Անզոր Կարապետյանը հակված չի եղել ինքնասպանության, քննիչները քրեական գործը կարճել էին, թեև ավելի տրաբանական կլիներ նոր՝ սպանության վարկածի քննումը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը։

Կարապետյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուքից հետո, որին ինքը մասնակցել էր։ Նրան ձերբակալել էին, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Համաձայն պաշտոնական վարկածի, հաջորդ օրը բանտախցում հայտնաբերվել էր 21-ամյա երիտասարդի դին կախված վիճակում: Պաշտոնական վարկածի համաձայն, երիտասարդը ինքնասպանություն է գործել, մինչդեռ նրա հարազատները այդ վարկածին չեն հավատում։

Փաստաբանը դատական կարգով պահանջել էր վերաբացել գործը մահվան մասով։ Դատարանը Չատինյանի պահանջի մասին վճիռ է հրապարակելու սեպտեմբերի սկզբին։ Ըստ պաշտպան կողմի՝ ինքնասպանության վարկածի դեմ է վկայում նաև Անզոր Կարապետյանի մարմնի վրա հայտնաբերված բռնության հետքերը։

Նշենք, որ դատարանն արդեն բավարարել է Չատինյանի մեկ այլ բողոքը՝ կապված Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը վերաբացելու հետ։ Նրա մահից հետո ծեծկռտուքի մյուս մասնակիցներին վերաբերող քննությունը կասեցվել էր այն հիմքով, թե վերջիններս «ինքնապաշտպանվել են» Կարապետյանի հարձակումից։ Այժմ ծեծկռտուքի գործը պետք է ուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության։