Home / Կրթություն / Բրյուսովի համալսարանում 30 միլիոնի գյուքի պակասորդ են հայտնաբերել․ հարուցվել է քրգործ

Բրյուսովի համալսարանում 30 միլիոնի գյուքի պակասորդ են հայտնաբերել․ հարուցվել է քրգործ

«Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30 միլիոն 209 հազար 96,9 ՀՀ դրամի չափով պակասորդ: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ Ուսումնասիրությունը համալսարանում անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը։

Բացի դա, համաձայն պաշտոնական աղբյուրի, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 315-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական անփութությունը) մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: