Home / Դատարան / Փաստաբանները գործադուլ կանեն՝ դատարաններում իրենց ապօրինի խուզարկման դեմ

Փաստաբանները գործադուլ կանեն՝ դատարաններում իրենց ապօրինի խուզարկման դեմ

Հայաստանյան 138 փաստաբաններն պատրաստվում են սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարել՝ հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին։ Պատճառը փաստաբանների նկատմամբ ապօրինի զննություններն ու խուզարկություններն են։

«Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։

Որևէ հիմնավորման բացակայության, ինչպես նաև դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները։ Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած:

Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը։ Ավելին` հատուկենտ քննչական մարմինների, դատարանների շենքեր մուտք գործելիս իրականացվող ապօրինությունը միտում ունի տարածվելու», -նշված է փաստաբանների հայտարարության մեջ։

Փաստաբանները նշել են նաև, որ իրենք ձեռնպահ ենք մնում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանությանն ուղղված պահանջներ կամ կոչեր հնչեցնելուց՝ նման գործելաոճը նախկին փորձի հիման վրա անարդյունավետ և անօգուտ համարելով: