Գլխավոր / Բանակ / Զորամասի զուգարանը արյան մեջ կորած էր

Զորամասի զուգարանը արյան մեջ կորած էր

…Որոշեցի մի քանի էպիզոդներ բերեմ իմ բանակային կյանքից։ Զորամասի հասարակական զուգարանը արյան մեջ կորած էր: Հնարավոր չէր պպզել այնպես, որ ոտքով արյան վրա չկանգնեիր: Իսկ զուգարանը դա 10 անցքանի (ունիտազ չի) մի շինություն էր, որտեղ իրար կողքի պպզած զինվորները իրենց կարիքներն էին հոգում, ոմանք էլ ձեռնաշարժությամբ էին զբաղվում նույն պպզած դիրքում: Իմ օրգանիզմում էլ ինչ որ բան խախտվել էր, մի քանի օր էր չէի կարողանում մեջիս եղածը դուրս հանեմ, փորկապ էի: Իսկ այդ օրը արյունահոսեցի: Գնացի ուղիղ բուժկետ, ասեցի որ ստամոքսս լավ չի, քամակիցս արյուն է գալիս: Պարզվեց ամբողջ զորամասն էր արյունահոսում: Իսկ բուժկետում մի կոճակ տվեցին փորկապի դեմ, խմեցի, չօգնեց: Աղիքային ինֆեկցիա էր տարածվել ամբողջ զորամասում: 20 օր ճաշարանում հաց էլ չէինք ուտում, որովհետև կերածը դուրս չէր գալիս: Զանգեցի տուն, խնդրեցի «Նարինե» ուղարկեն: Ողջ ծառայության ընթացքում խմում էի: Մի փոքր օգնեց, բայց ես մինչև հիմա ստամոքսի ցավեր ունեմ:

Ծառայությունը շարունակվում էր. գերծանրաբեռնված ֆիզիկական աշխատանք, պալիգոն, գիշերային հերթապահություններ և այլն: Սպայական կազմը թքած ուներ զինվորի առողջական խնդիրների վրա: Մի սպա կար, Կոբրա էր մականունը, որովհետև կոբրայի ձև էր տալիս ձեռքին և հարվածում զինվորների ճակատին: Մեկ այլ սպա դաստակով էր խփում զինվորի ճակատին: Ես մի քանի անգամ ականատես եմ եղել էդ հարվածներին: Արթուրը գիտակցությունը կորցրեց էդպիսի հարվածից հետո՝ ի դեպ կատարված կռված հերոս փոխգնդապետ Արարատ Մելքումյանի (Չոլկա) կողմից: Չոլկան առանձնակի դաժանություն ուներ, տղաներին գոտին ձիգ չկապելու համար կարող էր կանչել, պառկացնել և գոտու երկաթե մասով` բլյախով, բազմիցս հարվածներ հասցներ գլխին: Մի անգամ էնպես ծնկով խփեց ոտքերիս, տղերքը տարան բուժկետ: Մի 3 օր ուղղակի պառկել եմ, հետո չալիկով էի 1 շաբաթ ման գալիս:

Արմանը թութք (գեմորոյ) ուներ, ցանկացած ակտիվություն անելիս ձեռքը քամակին էր, աղիքն էր պահում, որ դուրս չգար: Տղաներից մեկը բաղնիքում ածելիով դաստակը սկսեց կտրել: Հասանք, չթողեցինք: Չէր դիմանում ծառայությանը: Ի դեպ երակները կտրելու փորձ շատ շատերն էին կատարում՝ ճնշվածությունից, նվաստանալուց կամ ստիպողաբար զուգարան մաքրելուց պրծնելու համար: Մի երեխա էլ գլխով բուժկետի պատուհանը ջարդել էր և դուրս էր նետվել 2-րդ հարկից: Բարեբախտաբար չմահացավ:

Սահմանապահ զորամասերում ծառայողների համեմատաբար փոքր, նույնիսկ կասեի չնչին դժվարությունը, դա ոջիլներն են: Մշտապես շորերիդ մեջ բազմացող տականքներ, որոնցից հարթուկով նույնիսկ հնարավոր չի ձերբազատվել: Իսկ երբ կոկորդի անգինայով ընկա Մարտունու հիվանդանոց, անկողինն էր ճպճպում ոջիլների մեջ: Բուժումն էլ ասելու չի: 10 օր պառկեցի՝ օրը 8 ասեղ քամակիս ստանալով: Ասում էի՝ գոնե էն մի թշից էլ մեկ մեկ սրսկեք, տեղ չմնաց էս մեկի վրա, ուր նստում եմ ոնց որ տաբուրետկի վրա նստեմ: Հետևանքները նման վայ-բուժման կարևոր չեն, կարևորը շուտ շարք կանգնես, ու ծառայես:

Երբ Խոջալուից տեղափոխվում էինք այլ զորամասեր, պազիկներով էին տանում մեզ: Մեր հետևից եկել էր մայոր Ռաիսան: Բոլորը հույս ունեին որ բախտները կբերի և մի փոքր ավելի հանգիստ զորամաս կընկնեն, և երբ տեսան որ կին սպա է եկել, տրամադրությունները բարձրացավ, սկսեցին հումոր անել: Մեկն ասեց, «հիմա ձեզ ոնց դիմենք, պարոն մայոր, թե տիկին մայոր», ինչին Ռայիսան պատասխանեց․ «Դաշտանիս տրյապկեն վեր հանիմ, խեռաթակ եմ տիլան, ա ղախպա»: Հասկացանք, որ անիմաստ էր հույսը: Ռաիսան հետագայում պլացի մեջտեղում «ուպոռ լյոժա» (ռուսերեն էին հաճախ հրամանները տրվում) հրաման էր տալիս և հագի կաբլուկով խփում զինվորների տարբեր մասերին, ընդ որում գլխին: Ավագներից մեկին նաչպռոդը 5 օր կուբախտ էր նստացրել և չէր բացում դուռը: Տակն էր արել տղեն: Սեփական մեզի և կեղտի մեջ էր ապրում, իսկ հացը «զամոչնի սկվաժինա»-ից խմորի տեսքով մի կերպ խցկում էին, որ ուտի: Դուրս եկավ բարոյապես ջարդուփշուր եղած, չեր ուզում ապրեր այլևս:

Սա 1/100 մասն է իմ ծառայության ընթացքում տեղի ունեցած պատմությունների: Ավելացնեմ նաև, որ ինձ հետ ծառայող տղաներից ես դեռևս մեկ հոգի եմ ճանաչում, ով ցանկանում էր ծառայել: Դա զուգարան մաքրող եզդի Արազն էր, ով ուշ էր եկել ծառայության, որովհետև բառիս բուն իմաստով սարերից ուշ էր իջել: Ասում էր, ստեղ ես շաբաթը մեկ լողանում եմ, ամեն օր հաց եմ ուտում, ու գոհ էր: Շատ տարածված տրամադրվածություն կար, որ եթե պատերազմ սկսվի, զինվորները իրենք առաջին հերթին շրջվելու են և գյուլեն իրենց սպաներին: Տղերք կային՝ ասում էին՝ ես պատերազմ եմ ուզում, աֆիցեռների արյունը խմելու համար մենակ: Սակայն տեսախցիկի առջև մենք չէինք կարող խոսել, որովհետև ինչպես Սերժին ընտրելու ընտրություններից առաջ մեզ զորամասի հրամանատարը ասեց, «Եթե չընտրեք Սերժին, դուք հայրենինքի նկատմամբ բոզություն կատարած կլինեք, իսկ բոզերին գիտեք թե ոնց են բանակում վերաբերվում»:

P.S. Գիտեմ, որ շատ տղերք, ընդ որում ընկերներիս մեջ, նմանատիպ և ավելի վատ բաներ են տեսել իրենց ծառայության ընթացքում:

Ա.