Home / Առողջապահություն / Զինծառայողը մահացել է սխալ արյան ներարկումից, պնդում է քույրը․ Aravot.am

Զինծառայողը մահացել է սխալ արյան ներարկումից, պնդում է քույրը․ Aravot.am

Ջերմուկում օգոստոսի 1-ին տրակտորի տակ ընկած պայմանագրային զինծառայող Վահե Մարգարյանի մահվան պատճառը Վայքի հիվանդանոցում սխալ արյան ներարկումն է եղել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է մահացածի քույրը՝ Մարիամ Մարգարյանը։

Վերջինս պատմել է, որ անչափահաս տղան տրակտորով ճխլել էր եղբորն, ապա դեպքի վայրից փախել: Ավելի ուշ են նրան գտել ու բերել դեպքի վայր, որ վերջինս տրակտորը շարժի առաջ, որ Մարգարյանը կարողանա դուրս պրծնել:

Զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել ազդրի ու ողերի ջարդվածքներով ու ներքին արյունահոսությամբ․ աղիքն էր վնասվել: Վայքի հիվանդանոցում Մարգարյանին վիրահատել են. «Տեսել են, որ եղբայրս արյունաքամ է լինում, արյան կարիք է եղել, լաբորանտներից մեկը, չգիտես ոնց, որոշել է՝ եղբորս երկրորդ կարգի արյուն է պետք, մինչդեռ եղբայրս երրորդ կարգի դրական արյուն ուներ, եղբորս աղջիկն ասել է՝ երրորդ կարգի է արյունը, բայց նրա ասածին ուշադրություն չեն դարձրել ու ներարկել են երկրորդ կարգի արյուն, եղբայրս ցնցումների մեջ է ընկել, հարցրել ենք՝ ինչ ցնցում է, ասել են ուշքի է գալիս, ավելի ուշ, երբ հասկացել են, որ վիճակը չի կայունանում, նրան տեղափոխել են Երևան»:

Մարիամ Մարգարյանի պատմելով՝ Մուրացանի հոսպիտալում իրենց հայտնել են, որ եղբորը սխալ արյուն են ներարկել. «Մեզ ասացին, որ նրա ստացած կոտրվածքները երկրորդ պլանում են, սխալ արյունից թրոմբներ են առաջացել, մահվան հիմքը գալիս է հենց արյան սխալ ներարկումից, բայց չգիտեմ՝ ինչու մինչեւ հիմա չի բացահայտվել: Նրա մահվան վկայականի մեջ գրված չէ, որ սխալ արյուն են ներարկել»:

Վայքի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը, կայքի հետ զրույցում, չի ընդունել, որ իրենց հիվանդանոցում սխալ արյուն են ներարկել: