Գլխավոր / Առողջապահություն / Դիալիզի համար տրվող գումարն ուշացրել են «ստվերի դեմ պայքարելու համար»

Դիալիզի համար տրվող գումարն ուշացրել են «ստվերի դեմ պայքարելու համար»

Երեկ առավոտյան «Աստղիկ» բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող 215 հիվանդները խուճապի են մատնվել, քանի որ կենտրոնի տնօրենը նրանց ասել է, որ սեպտեմբերի 1-ին վերջանում է պետության կողմից փոխանցված գումարը, և դիալիզ ստանալն այսուհետ չի լինի պետպատվերով։ Յուրաքանչյուր դիալիզի համար հարկավոր կլինի վճարել 18,100 դրամ։ Հիվանդներն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեն (հաշմանդամության թոշակը ամսական 18-21 հազար դրամ է) և դիալիզ են ստանում օրը մեջ։ Դիալիզի համար սեփական գրպանից վճարել նրանք չեն կարող, դա ամսական կարժենա 400 հազար դրամ։ Ուստի տուժած շահառուներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել Առողջապահության նախարարության դիմաց։

Ըստ նրանց՝  իրենց  բողոքները կանխելու համար է, որ Առողջապահության նախարարությունն արագ  արձագանքել է խնդրին՝ ասելով, թե հարցը լուծված է։ Նախարարությունը դեռ երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որում ասված է, թե օրեր առաջ Կառավարությունը՝  2017 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար դրամ է փոխանցել, ինչը կբավարարի մինչև տարվա վերջ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Epress.am-ին պատմել է, որ իրենց համար բաց հարցեր կան, ուստի եկել են հանդիպելու նախարարության աշխատակիցների հետ, քանի որ երեկ 14։00-ի սահմաններում նախարարությունը հայտարարություն է տարածել, թե հիվանդներին կցրեն այլ հիվանդանոցներով։

«Բոլոր հիվանդանոցներն էլ ծանրաբեռնված են, աշխատում են երեք սմենով՝ 7-ից մինչև երեկոյան 11։30։ Գիշերվա կեսին չենք կարող գալ, մարդիկ կան շրջաններից են գալիս։ Ինձ նախարարությունում ասեցին, որ չեն ցրի, կմնանք նույն բուժկենտրոնում»,- ասել է մեր զրուցակիցը։

Առողջապահության նախարարության աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանը լրագրողներին ասել է, որ չգիտի, թե ինչու է «Ասղտիկ» ԲԿ-ն  հիվանդներին զգուշացրել պետպատվերի ավարտի մասին և իրենք «տարակուսած» են։

Նա ասել է, որ գումարներն ուղղակի որոշել են փոխանցել տարվա կեսին՝ «գործընթացը թափանցիկ, կոռուպցիոն ռիսկերից ազատ» պահելու համար։

«Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ բուժհաստատության ներքին կազմակերպչական գործունեությունը, բայց կարող եմ պնդել՝ հիմք չկա։ Մենք հաստատակամ  ենք  բարեփոխումները իրականցնելու, պահպանելու բուժման որակը և նվազեցնել ստվերը»,- ասել է Մելիք-Նուբարյանը։

Նախարարությունից նշում են, որ գումարները փոխանցվել է Կառավարության կողմից օգոստոսի 24-ին՝ «թափանցիկ կերպով»։ Նշենք, որ Կառավարության օգոստոսի 24-ի որոշումները չեն հրապարակվել պաշտոնական կայքում։

«Ասղտիկ» ԲԿ-ից  Epress.am-ին պարզաբանել են, որ իրենք միայն զգուշացրել են հիվանդներին այն մասին, որ գումարը վերջացել է։

«Ընդհանրապես,  բյուջեն հաստատվում է տարեսկզբին և, եթե վերանայվում է, դա արվում է սեպտեմբերին։ Այդ պատճառով, երբ մեր գումարները ավարտվել են, մենք տեղյակ ենք պահել բուժվող հիվանդներին։ Երեկ երեկոյան է Առաղջապահության նախարարությունը գրել, որ գումար նորից կփոխանցվի, մենք էլ կշարունակենք աշխատել»,- մեզ հետ զրույցում ասել է Սվետա Միրզոյան: