Գլխավոր / Դատարան / Կնոջ վրա մարմնական վնասվածքներ կան․ դատարանը հավատում է ամուսնուն

Կնոջ վրա մարմնական վնասվածքներ կան․ դատարանը հավատում է ամուսնուն

Քննիչը, դատախազը, դատավորը, հիմնվելով միմիայն քաղաքացի Արա Խաչատրյանի ցուցմունքների վրա, որոշել են, որ նա մեղավոր չէ կնոջը ծեծելու մեջ։ Նրանք ընդունել են, որ կնոջ վրա կան մարմնական վնասվածքներ, սակայն Արա Խաչատրյանին չեն քննել որպես կասկածյալի։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը կնոջ ծեծի գործով այսօրվա դատական նիստը դռնփակ է անցկացրել, վերջում է՝լ հօգուտ ամուսնու վճիռ կայացրել։ Դատին ներկա Արա Խաչատրյանն անգամ  չի սպասել վճռի հրապարակմանը՝ հեռանալով այն պահին, երբ դատավորը խորհրդակցական սենյակ է գնացել։ Իրավապահ մարմինների իրականացրած քննությունը և դատարանի որոշումը տուժողի  ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը համարում է ոչ օբյեկտիվ։

Արսեն Նիկողոսյան

2016 թվականի հունվարի 4-ին,  Նաիրա Սմբատյանի խոսքով, ինքը 4 անչափահաս երեխաների ներկայությամբ  հերթական անգամ ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից։ Այլևս չդիմանալով բռնություններին՝ կինը դիմել է Արաբկիրի ոստիկանություն, որտեղ արձանագրվել են Սմբատյանի վրա եղած մարմնական վնասվածքները։ Նախապատրստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ցուցմունք են տվել և՛ ամուսինը, և՛ կինը։

Կատարված քննության արդյունքում, սակայն, վարույթ իրականացնող մարմինը որոշել է վարույթը կասեցնել՝ այն հիմնավորմամբ, որ չի բացահայտվել այն անձը, որը կատարել է հանցագործությունը։ Որոշումը հետագայում բողոքարկվել է Դատախազությունում, սակայն տուժողը կրկին մերժվել  է։

Իրավապահների մոտ աջակցություն չստանալուց հետո կինը դիմել է դատարան, մանրամասն պատմել, թե ինչպես է ծեծի ենթարկվել, սակայն դատարանն այսօր մերժել է նրա բողոքը, որով տուժողը պահանոջում էր չեղյալ համարելու քննիչի՝ գործը կասեցնելու վերաբերյալ որոշումը։

Նիստին ներկա Epress.am-ի լրագրողը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը տեսանկարահանելու համար, սակայն դատավորը ոչ միայն չի թույլատրել նիստը տեսանկարահանել, այլ նաև լսելով Արա Խաչատրյանի խնդրանքը՝ նիստը դռնփակ է անցկացրել։

Խաչատրյանի խոսքով՝ դռնբաց նիստը կարող է վնասել իր անչափահաս երեխաներին․ «Նախորդ դատական նիստի տեսագրությունը նայել են երեխաներիս համադասարանցիները»։ Կնոջ պաշտպանը պնդել է, որ տվյալ քրեական գործը վերաբերվում է կնոջ ծեծի գործին և երեխաների մասին խոսք չի գնում, սակայն դատավորին դա չի համոզել։

Նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում Ոսկանյանն ասել է, որ արդեն իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից մակերեսային քննություն է կատարվել։ Գործի վարույթը կարճելու որոշման հիմքում դրվել է Արա Խաչատրյանի ցուցմունքը։

«Գործի քննության ընթացքում ձեռք չի բերվում որևէ ապացույց, փաստական տվյալ այն մասին, որ այդ արարքը կարող էր կատարվել այլ անձի կողմից։ Միակ ճիշտ որոշումը կլիներ այն, որ քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավեր կնոջ նախկին  ամուսինը», -նշել է փաստաբանը։

Վերջինս պատրաստվում է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։