Գլխավոր / Բնապահպանություն / Դատարանը ՀԿ-ներին արգելեց մասնակցել Ամուլսարի ծրագրին վերաբերող դատական գործընթացին

Դատարանը ՀԿ-ներին արգելեց մասնակցել Ամուլսարի ծրագրին վերաբերող դատական գործընթացին

Վարչական դատարանն այսօր որոշել է հասարակական կազմակերպություններին  հանել Ամուլսարի  հանքի շահագործման ծրագրի դեմ դատական  գործընթացից, ինչը կարող է նաև այլ  բնապահպանական չարաշահումների դեմ  հասարակական պաշտպանություն չունենալու նախադեպ դառնալ :

«Էկոիրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները Գնդեվազի համայնքի մոտ 15  բնակիչների հետ, բողոքարկում  են «Լիդիան Արմենիա» օֆշորային կազմակերպությանը տրված թույլտվությունը՝ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը:  Մոտ երկու տարի առաջ ՀԿ-ների և բնակիչների հայցն ընդունվել է վարույթ, իսկ  այսօր դատավոր Կարեն Զարիկյանը  հայտարարել է, որ ՀԿ-ների մասին նոր օրենքով՝ «Էկոիրավունքը» և «Էկոդարը» ՀԿ-ները չեն  կարող լինել հայցվոր: Հիշեցնենք, որ ՀԿ-ներին հայցվորների շարքից հանելու միջնորդություն  անցյալ նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչ Սայաթ Բադալյանը։

Հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել դատավորի որոշոււմը:

ՀԿ-ների մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականին: Հայցվոների փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ դատավորի նման որոշումը վկայում է այն մասին, որ ՀԿ-ների մասին օրենքը ոչ թե մեծացրել է ՀԿ-ների գործունեության շրջանակը, ինչպես պնդում են օրենքն փոփոխած ԱԺ-ում, այլ հակառակը՝ սահմանափակել  ՀԿ-ների իրավունքները:

«Նախորդ օրենքի  տեսակետից ՀԿ-ների  հայցը ընդունվել էր համարել  էին, որ նրանք իրավունք ունեն դիմել դատարան: Հիմա ՀԿ-ների մասին օրենքը փոխվեց, ու ՀԿ-ներն այդ իրավունքը չունեն: Փոխանակ ընդլայնեն ՀԿ-ների իրավունքները՝ հատկապես էկոլոգիական հարցերով,  մեր պետությունը միջազգային ատյաններում հաշվետվություն է տալիս, թե իբր ընդլայնել է ՀԿ-ների իրավունքները, իրականում՝ օրենքով սահմանափակում է այդ իրավունքները: Նոր օրենքով ՀԿ-ն պետք է բոլոր լսումներին մասնակցած լինի, շահառուների հետ կապված  նախապայմաններ կան և այլն: Այնպիսի սահմանափակումներ, որոնք նախորդ օրենքի ժամանակ չկային»,- ասել  է Հայկ Ալումյանը:

Ալումյանը հիշեցրել է, որ ՀԿ-ներին  բնապահպանական հարցերով դատարան դիմել թույլ չտալու փորձեր արվում են դեռևս Թեղուտի հանքավայրի դեմ շարժումից: Այն ժամանակ «Էկոիրավունք» ՀԿ-ն դիմել էր Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե, որն է ճանաչել է ՀԿ-ների իրավունքը դիմել դատարան: «Էկոիրավունքի»  նախագահ Արթուր Գրիգորյանն Epress.am-ին ասել  է, որ նորից է դիմելու Օրհուսի  կոնվենցիայի համապատասխանության կոմիտե. սեպտեմբերի 11-15-ը Մոնտենեգրոյում կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի ընթացքում:  Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ Կառավարությունը  կոմիտեին նախկինում  հավաստիացրել  է,  որ ՀԿ-ների իրավունքը դիմել դատարան  ամրապնդվել  է նոր օրենքով:

«Իմ գնահատմամբ այս որոշման հիմնական նպատակն այն է, որ փակեն ՀԿ-ների հնարավորությունը նաև այլ  ապօրինությունների հարցերով դատական պրոցեսներ նախաձեռնել:  Այս պահին մեր ՀԿ-ն երկու դատական պրոցեսի մեջ է, մեկը՝ Լիճքի հանքավայրի վերաբերյալ, մյուսը՝ Քաջարանի հանքավայրը ընդլայնելու նախագծի վերաբերյալ: Երկուսով էլ  մեր հայցերը ընդունվել են վարույթ, Լիճքով ընթանում է դատավարությունը, Քաջարանի հարցով առաջին նիստը կայանալու է հոկտեմբերի 4-ին»,- ասել է Գրիգորյանը:

Լիճքի և Քաջարանի դեմ գործերով  ազդակիր համայքների բնակիչ-հայցվորներ չկան, այսինքն՝ ՀԿ-ների դուրս գալով` գործերը կկարճվեն:

«Այստեղ հրահանգված, քաղաքական որոշում է: Էն դատավարական բումը, որ սկսվել է, եթե ընդլայնվի, եթե սկսվի իրավական մարնակրկիտ քննարկում, էնքան կոռուպցիոն էլեմենտներ են բացվելու, որ դրա տակից չեն կարող դուրս գալ»,- ասել  է Արթուր Գրիգորյանը: