Գլխավոր / Շուկա / Ոստիկանության նախկին դերձակներին 8 ամսվա աշխատավարձ են պարտք

Ոստիկանության նախկին դերձակներին 8 ամսվա աշխատավարձ են պարտք

Նախկինում ՀՀ ոստիկանության ստորաբաժանում հանդիսացող «Կոնտինենտ տեքս» ընկերությունը 2015 թվականին սնանկ է ճանաչվել և այդպիսով խուսափել վճարել 140 դերձակների 8 ամսվա աշխատավարձը՝ մոտ 33 միլիոն դրամ։ Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանն էլ, ըստ աշխատակիցների, «փախած ա»։

Այսօր կառավարության շենքի մոտ տուժած աշխատողները բողոքի ակցիա են անցկացրել՝ հույս ունենալով տեսնել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ըստ նրանց՝ իրենց դիմումներին Կառավարությունը չի պատասխանում, այլ ուղարկում է Արդարադատության նախարարություն։ Դիմել են դատարան՝ ապարդյուն, ոստիկանություն չեն դիմել, քանի որ «եղել են ոստիկանության հիմնարկ» և անկողմնակալ քննություն չեն ակնկալում։

«Ֆաբրիկան տարան լուծարման, քանդեցին, հիմա տեղը հսկա շենք են կառուցում։ Ինչ արել են, քարը իրենց գլխին։ Գոնե հիմա աշխատածի գումարները տան։ Մի մեծ գումար չի»,֊ ասել է աշխատակիցներից Գոհար Թամամյանը։

Նա խոսել է իրենց գործով կայացրած դատական վճռի մասին․ «Մի 20 հոգով մի կերպ մտանք դատարան, վճարեցինք փաստաբանին։ Դատարանը նայում է՝ գործարանը [թղթով] էսքան գույք ունի։ Առանց մեր ներկայության վճիռ կայացրեց, որ գույքը վաճառեք, մարդկանց փողերը տվեք։ Բայց ընդեղ գույք չկա։ Մեր հիմնարկը եղել ա պետական հիմնարկ, մասնավոր չի եղել։ Բայց էս պետությունը թքած ունի մարդկանց վրա»։