Home / Բանակ / Զինվորի մահից 1,5 տարի անց հարազատները և փաստաբանը հարցեր են բարձրացնում

Զինվորի մահից 1,5 տարի անց հարազատները և փաստաբանը հարցեր են բարձրացնում

Մոտ տարի ու կես է անցել ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվանից։ Հայաստանյան դատական ատյանները գործը փակել են՝ բացահայտված համարելով զինծառայողի մահվան հանգամանքները։ Չնայած դրան, քննչական մարմինը զինծառայողի մահվան հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ մինչև այժմ չի տվել, ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը։ Հարազատների հույսը ՄԻԵԴ-ն է։

2016 թվականի ապրիլի 12-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սևակ Նորայրի Խաչատրյանը: Հետագայում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հոդվածով քերական գործ հարուցվեց և ուղարկվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն ուժի մեջ թողեցին քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը։

Epress.am-ի թղթակիցն օրեր առաջ այցելել էր զինծառայողի տուն։ Մայրը և եղբայրը, մինչ օրս էլ չեն հավատում, որ Սևակի մահվան պատճառը բացահայտված է։

Սևակ Խաչատրյանը 2016 թվականի հունվարի 21-ին զորակոչել է բանակ։ Սկզբում ծառայել է Գորիսի զորամասում, ապրիլյան քառօրյա սրացման հետ կապված տեղափոխել են Լեռնային Ղարաբաղ։

«Մեզանից ոչ մեկը չի հավատում, որ պատահաբար ինքն իրեն խփել է։ Բացի դա, ուղղակի իրավունք չունեին 3 ամսվա զինծառայողին դիտակետ տանել․․․ Ինքը դեռ նորմալ կրակել էլ չգիտեր», – նշել է զինծառայողի մայրը՝ Մելանյա Հովսեփյան։

Փաստաբան Անի Չատինյանը մեզ հետ զրույցում նշել է, որ չի ապահովվել քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունը․ «Գործում կան հանգամանքներ, որոնց շուրջ քննություն չի իրականացվել»։

Ըստ գործում եղած նյութերի՝ Խաչատրյանին, բացի իր զենքից, կցված է եղել նաև առողջական խնդիրներ ունեցող մեկ այլ զինծառայողի զենք։ Այդ զինծառայողը դեպքի պահին հոսպիտալում է եղել։

«Ո՞վ է եղել այդ զինծառայողը, ի՞նչ խնդիրներով է տեղափոխվել հոսպիտալ, լուրջ են եղել դրանք, թե ոչ, իրականությանը դա համապատասխանում է, թե ոչ, վարույթ իրականացնող մարմինը չի էլ ճշտել դա», -ասել է Չատինյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ ուսումնասիրվել է միայն մահվան մեկ վարկած․ «Չի քննարկվել սպանության վարկածը»։

Չատինյանը բարձրաձայնել է նաև մի շարք այլ հարցեր․ «Չի պարզվել՝ արդյոք Խաչատրյանը խնդիրներ ունեցել է մյուս զինծառայողների կամ սպայական կազմի հետ, թե ոչ։ Չի քննվել՝ արդյոք կրակոցը մոտ, թե հեռու տարածությունից է եղել։ Հաշվի չի առվել այն հանգամանքը, որ ստացված վնասվածքն այրվածքներ չի թողել դեմքին, իսկ մոտ տարածությունից կրակելու դեպքում մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը»։

Այժմ Չատինյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։