Home / Շուկա / «Նաիրիտը» «սապոժնի արտել» չէ․ գործարանին մասնագիտական վերահսկողություն է հարկավոր

«Նաիրիտը» «սապոժնի արտել» չէ․ գործարանին մասնագիտական վերահսկողություն է հարկավոր

«Նաիրիտ» գործարանում հրդեհը ևս ապացուցում է, որ քիմիական գործարանն անուշադրության մատնել պետք չէ, այն պետք է վերագործարկել և մասնագիտական հսկողություն ապահովել։ Այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել են «Նաիրիտից» հեռացված աշխատակիցները, ովքեր 7 տարի է պայքարում են իրենց աշխատավայրի վերագործարկման համար։

Նաիրիտցիները պատմում են, որ խորհրդային տարիներին լաք֊էթինոլի թափոնները, որոնք այրվում էին «Նաիրիտում» արտահանվում էին, հիմնականում օգտագործվում նավաշինության մեջ՝ լինելով ջրակայուն նյութ։ Անկախությունից հետո գործարանն իր այրման արտադրամասի վառարաններում այրում էր թափոնները, ինչը 2010 թվականին գործարանի փակվելուց հետո չի արվում։

«2012 կամ 2013 թվականին գործարանի ղեկավարությունը դիմեց Կառավարությանն այդ թափոններն այրելու համար գումար խնդրելով։ Գործարանի աշխատողների ուժերով վառարանները վերանորոգվեցին, Կառավարությունը խոսք էր տվել ֆինանսներ հատկացնել։ Կառավարությունը չհատկացրեց, 2015 թ․ բոլորին ազատեցին աշխատանքից։ «Նաիրիտ» գործարանը «սապոժնի արտել» չէ, որ դուռը կողպեքով փակեն, գնան։ «Նաիրտը» քիմիական գործարան է՝ իր վատ և լավ կողմերով»,֊ ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակից, քիմիկոս Անահիտ Մանուկյանը։

Նաիրիտցիները նշում են, որ այժմ, երբ գործարանի բոլոր մասնագետները հեռացվել են աշխատանքից, դրա անվտանգության համար պատասխանատուն է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Կառավարության շենքի մոտ լրագրողներին հակառակն է ասել՝ նշելով, որ «Նաիրիտի» համար պատասխանատու է «Նաիրիտ 2» ընկերությունը։ Նա նաև վարկած է առաջ քաշել, թե հրդեհը անփութության հետևանք է եղել։