Գլխավոր / Հայաստան / Քնար Խուդոյանի զրույցը Դեյվիդ Բարսամյանի հետ

Քնար Խուդոյանի զրույցը Դեյվիդ Բարսամյանի հետ

Դեյվիդ Բարսամյանի մասին իմացա, երբ «Կոմունայի» հրավերով  նա եկավ Հայաստան՝ պրոպագանդայի, բնապահպանության, մեդիայի, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին երեք դասախոսություններ կարդալու։ Գուգլը  տեղեկացրեց, որ Բարսամյանն ԱՄՆ֊ում աստղ է։ Նա իր «Ալտերնատիվ ռադիոյով» պլատֆորմ է ստեղծել ԱՄՆ մեյնստրիմ մեդիայից արհամարհված  կարծիքները արտահայտելու համար։ Բարսամյանը  դեռ 80-ականներից  հաղորդում է լեզվաբան Նոամ Չոմսկու, պատմաբան Հովարդ Ցիննի, հնդիկ հրապակարակախոս Արունդատի Ռոյի, պաղեստինցի փիլիսոփա Էդվարդ Սայիդի և այլ հայտնի քննադատների ելույթները։ Առաջին տպավորությունն այն էր, որ Բարսամյանը պլատֆորմ է տալիս միայն իր ընկերներին ու գաղափարակիցներին, ինչը առաջին հարցն էր որ ես տվեցի նրան զրույցի ժամանակ։

— Իհարկե, ես հարցազրույց չեմ անի Հենրի Կիսինջերի հետ, ով ռազմական հանցագործ է, ում տեղը բանտում է։ Նույնը  վերաբերում է նաև Օբամային, Տրամփին, Բուշին։ Նրանք իրենց մեդիաներն ունեն։ Ես բարձրախոս եմ տալիս մարդկանց, ովքեր արհամարհված են կորպորատիվ մեդիայի կողմից։ Ամեն երկրում էլ մարդիկ իրենց երկրի և այդ երկրի անցյալի մասին կարծրացած կարծիք ունեն, որը երբեք կասկածի տակ չեն դնում։ Մարդիկ, ում ես հարթակ եմ տալիս, այդ կարծրացած կարծիքներն են խնդրականացնում և բացատրում: Ես չեմ հավատում օբյետիվությանը։ Օբյեկտիվության մասին առասպելը այն ձևերից մեկն է, որով կորպորատիվ  իշխանությունը կառավարում է լրագրողներին։ Օբյեկտիվությունը, որը արհամարում է դասակարգային, ռասայական, գենդերային հարցերը, այն, թե որտեղ է անձը մեծացել, ինչ սոցիալական վիճակում, ինչ կրթություն է ստացել..․

— Ինչպե՞ս այս պատճառաբանությամբ հրաժարվել  օբյեկտիվությունից և չկորցնել «լսարանի» վստահությունը, չմեղադրվել մեկ այլ պրոպագանդա անելու մեջ։

— Չլինել պեդանտ, ընթերցողի գլխին դասախոսություն չկարդալ։ «Ես հանճար եմ, ես գիտեմ ճշմարտությունը, եկեք իմ հետևից։ Ես ունեմ գիտելիք, դուք չունեք, դուք ավելի  ցածր մարդ եք»։ Դա հաստատ չի օգնի։ Պետք է ուրիշին հարգել՝ առանց ծաղրելու։ Դուք նկատած կլինեք՝ Հիլարի Քլինտոնը շատ տուժեց,  որովհետև նա շատ արհամարհական էր արտահայտվում Թրամփի  ընտրողների հանդեպ։ Վերջիններս նրան պատասխան տվեցին։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ծաղրում են։ Ուստի, եթե դուք ունեք գաղափարներ, որ ուզում եք տարածել, դա արեք ոչ թե դասախոսելու տոնով, այլ մարդկանց ներառելով խոսակցության մեջ։

Բարսամյանի  թեմաներից մեկը ռեվիզոնիստ պատմագրությունն է։ Լրագրողը հաճախ է հարցազրույցներ անում  «ԱՄՆ֊ի ժողովուրդների պատմությունը» գրքի հեղինակ Հովարդ Ցիննի հետ, ով գրել է այդ երկրում ռասիզմի պատմության, բնիկ ժողովրդների ջարդերի, ԱՄՆ անկախացման պատմության մութ էջերի մասին։

— Բոլոր պետություններ են պրոբլեմատիկ։ Երբ նման հզոր երկիր, ինչպիսին ԱՄՆ֊ն է, կեղծում է իր պատմությունը, դա աշխարհում հետևանքներ է ունենում։ Մինչդեռ Հայաստանի պատմությունը նման ազդեցություն չունի, ուղղակի քանի որ հայկական պետությունը ազդեցություն չունի։ Ինձ թվում է Հովարդ Ցիննը, Էդուարդո Գալեանոն, որ գրել է «Լատինական ամերիկայի բաց երակները», փոխել են անցյալի մասին մեր պատկերացումները, մեզ նոր «ակնոց» են տվել։ Ես իմ երկիրն եմ քննադատում, ու մտահոգ եմ, որ այն ավելի լավը դառնա։ Հայաստանի մարդիկ պետք է մտածեն, ինչպիսի երկիր են ուզում։ Ֆեոդալիզմի նշաններ կան այստեղ, էլ չասած հոմոֆոբիան,  կնատյացությունը, հայրիշխանությունը։

Հայաստանի պատմության շատ էջեր վերանայման կարիք ունեն, օրինակ, խորհրդային անցյալը։ ԱՄՆ֊ում Հայաստանը հիմնականում ասոցացնում են Ցեղասպանության, գորգագործության, կամ  հայկական խոհանոցի հետ։ Հայաստանը պետք է անցնի Ցեղասպանության թեմայից այն կողմ, առաջ տանի ավելի ազատագրող նարատիվ, ոչ միայն «մենք տառապել ենք»։ Ուրիշ ոչ ոք չի՞ տառապել։