Home / Հայաստան / ՆԱՏՕ֊ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու պատճառը Ադրբեջանը չէ․ փորձագետ

ՆԱՏՕ֊ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու պատճառը Ադրբեջանը չէ․ փորձագետ

Մեկուկես հազար զինվորներ ու սպաներ, այդ թվում՝ Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ծովային հետևակի 500 մարտիկ, ռազմական տեխնիկա։ «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում դեռ նոր էին ավարտվել, երբ Ախալցխայի Օրֆոլո զորավարժարանում մեկնարկեցին այլ բազմազգ զորավարժություններ՝ Agile Spirit – 2017֊ը (Ճկուն ոգի 2017)։

Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Ադրբեջանից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից և Ուկրաինայից։ Նախապես ծրագրվում էր, որ դրանց պետք է մասնակցեին նաև Հայաստանի ներկայացուցիչները, սակայն Երևանը վերջին պահին հրաժարվեց մասնակցությունից։ Այդ մասին հայտնեց Վրաստանի ՊՆ ներկայացուցիչը, մինչդեռ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը։ Մեկ օր անց Հայաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ նույնիսկ չէին էլ պատրաստվում մասնակցել։ Մինչև վերջերս հայաստանցի զինծառայողները մարտական հմտություններ էին զարգացնում ՆԱՏՕ֊ի զինվորների հետ միասին։

Երևանի տվյալ քայլի հնարավոր պատճառների մասին «Էխո Կավկազա» ռադիոկայանը զրուցել է փորձագետների հետ Վրաստանից ու Հայաստանից։

Վախթանգ Մաիսայա․ «Ամենայն հավանականությամբ, դա տվյալ զորավարժությունների Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունն է։ Դա առաջին հերթին։ Իսկ երկրորդ՝ պետք է հաշվի առնենք ԱՄՆ֊ի ու Ռուսաստանի միջև սրված հարաբերությունները, որոնք արդեն վերածվել են դիվանագիտական մակարդակով հակամարտության։ «Արժանի գործընկերոջ», որին Հայաստանը մասնակցեց, և «Ճկուն ոգու» միջև կա էական տարբերություն։ Եթե առաջինը հիմնականում ենթադրում էին խաղաղարարական գործողություններ, ապա երկրորդը ամերիկացի զինվորականների հետ ռազմական համագործացության ուղիղ մշակում է։ Ինչը Ռուսաստանին դուր գալ չի կարող»։

Հայաստանցի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, «Արժանի գործընկերոջը» Հայաստանի մասնակցությունից հետո Մոսկվան բացահայտորեն վրդովված էր և կիրառում էր ճնշման բոլոր լծակները, որպեսզի կանխի ՆԱՏՕ երկրների, և առաջին հերթին ԱՄՆ֊ի հետ Երևանի ռազմական համագործացության շարունակությունը։

«Տարածաշրջանում և հայ֊ռուսական հարաբերություններում հաստատված իրողությունների պարզ համադրություն։ Դրանք պարզապես բացառում են ցանկացած այլ տարբերակ, բացի նրանից, որ Ռուսաստանը գործադրել է ստոր շանտաժ, և Հայաստանի ղեկավարությունը նահանջել է։ Ահա, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ընդ որում, դա արվել է ամենավերջին պահին»։

Միևնույն ժամանակ, Մեհրաբյանն ամբողջությամբ բացառում է վարկածը, թե Հայաստանի հրաժարվելը մասնակցությունից կարող էր կապված լինել զորավարժություններին Ադրբեջանի զինված ուժերի մասնակցության հետ։ «Մինչև վերջին պահն Ադրբեջանի մասնակցությունը հաստատված չէր, դա առաջինը։ Եվ հետո, Սերգեյ Շոյգուի անվան այդ անլուրջ խաղիկները, որոնք անցկացվում են Ռուսաստանում, տանկային բիաթլոններն ու մյուս անհասկանալի ու անպիտան միջոցառումները, այդ բոլորին Հայաստանն ու Ադրբեջանը հանգիստ մասնակցում են։ Ուստի, այդ գործոնը բացառում եմ»։

Հայաստանի իշխանությունների հնչեցրած պատճառաբանությունները Մեհրաբյանը համարում է երեսը փրկելու միջոց։ Քաղաքագետը նշում է, որ մասնակցությունից հրաժարվելու քայլը խորհրդանշական էր նաև այն առումով, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 3֊ին՝ նույն օրը 4 տարի անց այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից՝ հօգուտ Եվրասիական միության։