Home / Դատարան / Երկակի ստանդարտներ․ Շահեն Հարությունյանի դեմ միանման 4 հայցերից մեկը բավարարվել է

Երկակի ստանդարտներ․ Շահեն Հարությունյանի դեմ միանման 4 հայցերից մեկը բավարարվել է

Վարչական դատարանն այսօր որոշել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի բերված միանման 4 հայցերից մեկը բավարարել, մյուսները մերժել՝ չհիմնավորելով` ինչու է մեկը բավարարել։

Հայցերը վերաբերում էին այս տարվա մարտի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքներին, որոնց ընթացքում Շահեն Հարությունյանը պահանջում էր պատժել որպես հաց բերող հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին և վերջինիս հուղարկավորել Եռաբլուրում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել էր դատարան․ ըստ նրա՝ հավաքների համար պետք էր նախապես իրազեկել քաղաքապետարանին, ինչը Հարությունյանը չէր արել։

Դատավոր Կարեն Զարիկյանը միայն մեկ օրվա մասով է բավարարել հայցը՝ Հարությունյանին տուգանելով 150.000 դրամով։

Շահեն Հարությունյանը պնդում է, որ ակցիաները եղել են ինքնաբուխ և դրանց համար իրազեկելու կարիք չկար։ Նրա պաշտպան Տաթևիկ Սիրադեղյանն Epress.am֊ին ասել է, որ բողոքարկելու են դատավճիռը Վերաքննիչ դատարանում։