Գլխավոր / Դատարան / Դատարանն օրինական է համարում օֆշորային գործով կարճման որոշումը գաղտնի պահելը

Դատարանն օրինական է համարում օֆշորային գործով կարճման որոշումը գաղտնի պահելը

Դատարանը մերժել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության, որը հրաժարվել էր ՀԿ֊ին տրամադրել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերաբերող՝ պետական ծառայողի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու քրեական գործի կարճման որոշումը: Այս մասին գրում է hetq.am-ը։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորել է, որ ՀՔԾ֊ն պարտավոր չէր կարճման որոշումը տրամադրել ՀԿ֊ի կողմից գործարկվող Hetq.am կայքին, քանի որ Hetq.am-ն այս գործով հաղորդում չէր ներկայացրել ՀՔԾ, այլ այդ քննչական մարմինն իր նախաձեռնությամբ էր www.hetq.am լրատվական միջոցի հրապարակած լրատվական նյութի հիման վրա քրեական գործ է հարուցել։

Հիշեցնենք, որ «Պանամական փաստաթղթեր» սկանդալային հրապարակումից պարզ էր դարձել, որ Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է։ Համաձայն փաստաթղթերի՝ Միհրան Պողոսյանն իր անվան հետ կապվող երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը։ ՀՔԾ֊ն Պողոսյանի դեմ քրեական գործը կարճելը բացատրել էր նրանով, որ իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել:

Քրեական գործի կարճումը դատապարտել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ դա համարելով «կոծկում»։

«Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետևողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր։Հարկ է հիշեցնել, որ նույն օֆշորային սկանդալի հրապարակմամբ պայմանավորված՝ Միհրան Պողոսյանը 2016թ․ ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, ընդ որում՝ Ի․Ալիևի հետ նույն սկանդալային ցանկում հայտնվել չցանկանալու պատճառաբանությամբ։ Սակայն նա քրեական գործի կարճումից հետո պատրաստվում է ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով իր թեկնածությունն առաջադրել 2017թ․ ԱԺ ընտրություններում»,֊ նշված էր Կենտրոնի հայտարարության մեջ։

Նշենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով ՀՀԿ֊ական Պողոսյանը դարձել է պատգամավոր։