Home / Ազգային ժողով / «ՍԱՍ գրուպ»֊ի ձայնագրությունում ընտրական իրավունքի խախտում չի հայտնաբերվել, գործը կարճվել է

«ՍԱՍ գրուպ»֊ի ձայնագրությունում ընտրական իրավունքի խախտում չի հայտնաբերվել, գործը կարճվել է

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ֊ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»֊ում արված աղմկահարույց ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցագործության բացակայության հիմքով»։ Այս մասին Epress.am֊ին հայտնել Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Գործը հարուցվել էր «Քվեարկության գաղտնիությունը խախտելը» հոդվածի ենթակետով, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում սպառնալիքով կամ կաշառք տալով ընտրողին որևէ թեկնածուի օգտին քվեարկել հարկադրելու համար։ Այս հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ`3-5 տարի ժամկետով:

«ՍԱՍ գրուպ»֊ում աշխատակիցների նկատմամբ ՀՀԿ֊ի օգտին քվեարկելու պահանջով ձայնագրությունը հրապարակել էր Hayastan24.com կայքը՝ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ անց՝ ապրիլի 13֊ին։

Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունում աշխատակիցներին «համոզում», «հորդորում», ստիպում ձայներ բերել իրենց ընկերության հիմնադիրին՝ հակառակ դեպքում սպառնում ազատել աշխատանքից։