Home / Մեդիա / Ազգային հպարտությունը քիչ կապ ունի բարոյականության հետ

Ազգային հպարտությունը քիչ կապ ունի բարոյականության հետ

Երևանի փողոցներն անվանափոխելու՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությունը մշակութաբան Վարդան Ջալոյանը համարում է հանրային հիշողությունը փոխելու ձև։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։

«Միշտ պետք է նայել, թե ինչ հիշողություն ենք ուզում պահպանել։ Ընդհանրապես՝ արժե՞ արդյոք մեր հիշողությունից ջնջել մեր սովետական անցյալը։ Դա կասկածելի հարց է։ Ինչո՞ւ եմ դա ասում։ Մեր հոգեբանության, վարքի մեջ սովետական անցյալը մեծ ազդեցություն է գործել։ Ինձ թվում է, որ դա պետք չէ մոռանալ։ Գուցե նոր անուններն ավելի լավը կլինեն, քան սովետականները։ Այնուամենայնիվ, Երևանը կառուցվել է սովետական իշխանության տարիներին, և ճիշտ կլինի պահպանել պատմական հիշողությունը։ Իսկ նոր անունները պետք է զուգահեռ լինեն։ Եթե ինչ-որ մեկը բացասաբար է վերաբերում սովետական անցյալին, ապա նա թող օգտագործի նորը։ Բայց հարկավոր է պահպանել նաեւ սովետական ժամանակների հիշողությունը։ Միգուցե սովետական անցյալն անդրադարձել է մեր հոգեբանության վրա, և այդ առումով մենք խնդիրներ ունենք այդ անցյալի հետ», – ասաց զրուցակիցը։

Դիտարկմանը, որ կոմունիստների մեջ էլ եղել են արժանավոր գործիչներ, և շատերը կարծում են, որ պետք չէ նրանց անունները փոխել, Վարդան Ջալոյանն արձագանքեց․ «Ես մեծ տարբերություն չեմ դնում բոլշևիկների գործած դաժանությունների եւ դաշնակների գործած դաժանությունների միջև։ Օրինակ՝ հայտնի է, որ Զանգեզուրում և՛ Նժդեհն է գործել բռնություններ, և՛ բոլշևիկներն են գործել բռնություններ։ Պատմության մեջ չեն լինում հերոսներ։ Ամեն մի քաղաքական գործիչ իր մեջ ունի և՛ դրական կողմերը, և՛ ստվերը։ Կարծում եմ, որ բոլշևիկյան և կոմունիստական գործիչներն էլ բացառություն չեն։ Միայն որոշ ակնհայտ դեպքերում է մարդը հասարակության կողմից բնորոշվում իբրև դահիճ։ Եվ ճիշտ չէ դահիճի անունով փողոց անվանելը։ Այդ դեպքում հարկավոր է կանգնել ու ասել՝ այս մարդը դահիճ է, այս բաներն է արել։ Օրինակ՝ Տիգրան Մեծն ինձ համար բռնապետ է և դահիճ։ Ես կարող եմ պահանջել, որ Հայաստանի Հանրապետությունում Տիգրան Մեծի անունով փողոցներ կամ դպրոցներ չանվանակոչեն»։

Լրագրողը նկատեց, որ Տիգրան Մեծը մեր պատմության մեջ հիշատակվում է որպես երկրի սահմաններն ընդարձակած, «ծովից ծով» Հայաստան հիմնած թագավոր։ «Դա ազգային հպարտություն է, բայց ազգային հպարտությունը քիչ կապ ունի բարոյականության հետ։ Մենք կարող ենք դա հիշել, բայց պետք է հիշենք նաև, որ, ինչպես բոլոր բռնապետները, այդ ամենը նա արել է դաժանությամբ։ Նա ստրկատիրական ժամանակաշրջանի բռնապետ է։ Մենք պետք է տարբերենք ազգային հպարտությունը բարոյականությունից և փաստենք, որ նա բռնապետ է», – ասաց նա։