Home / Ազգային ժողով / Կառավարությունն արտոնություն է տալիս իր ընտրած ջերմոցային տնտեսություններին

Կառավարությունն արտոնություն է տալիս իր ընտրած ջերմոցային տնտեսություններին

Կառավարությունն առաջարկում է Հայաստան ներմուծվող հումքի և մեքենասարքավորումների համար չգանձել ավելացված արժեքի հարկ։ Այս նախագիծը գործելու է 2018 թվականի հունվարի 1-ից։ Փոփոխությունն ԱԺ դատին ներկայացնելով՝ Վախթանգ Միրումյանն ասել է, որ այն «համարձակ ծրագիր» է, քանի որ բյուջեի հոսքերը կկրճատի ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամով։

Միրումյանը նաև նշել է, որ օրենքի երկրորդ հոդվածը ուժի մեջ է մտնելու օրենքն ընդունվելու հաջորդ օրվանից, ոչ թե 2018 թվականի հունվարի 1-ից։

2-րդ հոդվածը հավելյալ առավելություններ է տալիս «Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերին»։

«Մենք չենք ուզում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ներդրումները, որոնք կյանքի էին կոչվելու հենց հիմա, սպասեն ևս երկու֊երեք ամիս»,֊ պարզաբանել է Միրումյանը։

Հարկային առավելությունները, սակայն, վերաբերում են ոչ միայն հենց հիմա կատարվելիք ներդրումներին, այլև անցյալում արվածներին՝ փաստորեն օրենքը որոշ դեպքերում հետադարձ ուժ է ունենալու։ Ընդ որում՝ Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրեր են համարվում ջերմոցային տնտեսություններին վերաբերող բիզնեսները։

Ըստ քննարկվող օրենքի երկրորդ հոդվածի՝ ջերմոցներ ներկրած բիզնեսներն ազատվում են 2014 թվականին հետաձգված և չվճարված (մասնակի վճարված) ԱԱՀ-ի վճարումից, ինչպես նաև այդ գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար դրանց նկատմամբ հաշվարկված տույժերից:

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ օրենքը Կառավարության նախընտրած ընկերություններին առավելություններ է տալիս։

«Ներդումային ծրագրի շրջանակներում ապրանքներ ներմուծող ընկերություններին ընտրելու է Կառավարությունը։ Այսինքն տեսականորեն ունենալու ենք իրավիճակ, երբ նույն ոլորտում աշխատող 2 ընկերությունները տարբեր հարկային դաշտերո՞ւմ են աշխատելու։ Ինչո՞ւ մենք որոշակի չափանիշներ չենք սահմանում»,֊ հարցրել է Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտն ասած, արդեն 5 տարի է գործում է այդ արտոնությունը, պրակտիկորեն որևէ խնդիր չի առաջացել, դա ուղղակի Կառավարությանն անհրաժեշտ ճկունություն է ապահովում պարբերաբար այդ չափանիշները վերանայելու, թիրախային մոտեցում ցուցաբերելու առումով»,֊ պատասխանել է Միրումյանը։