Գլխավոր / Դատարան / Դատավորը լրագրողի դիտարկմանը պատասխանեց՝ նրան դուրս հրավիրելով

Դատավորը լրագրողի դիտարկմանը պատասխանեց՝ նրան դուրս հրավիրելով

Թագուհի Մանսուրյանի և նրա ծնողների կացնահարության գործով ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ժամանակ լրագրողներն ու իրավապաշտպաններն անընդհատ բարձրաձայնում են, որ դատավարությունն անցնում է ոչ թափանցիկ։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում գրեթե ոչինչ չի լսվում, լրագրողներից ջանքեր են պահանջվում հասկանալու, թե ինչ են ասում ապակուց այն կողմ։ Իրավապաշտպան Լարա Ահարոնյանն անգամ հատուկ նամակ է գրել դատարանին՝ խնդրելով ապահովել պատշաճ պայմաններ։ Դատարանը անտեսում է պահանջները։

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Epress.am-ի լրագրողի ժեստերին, որ ապակուց այն կողմ ոչինչ չի լսվում, դատավոր Դավիթ Բալայանը արձագանքեց՝ թղթակցի նստելու ձևի հետ կապված դիտողություն անելով և նրան դահլիճից դուրս հրավիրելով։

Մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանը հարցերին պատասխանելիս հաճախ գլուխը թեքում էր խոսափողից, և ներկաները ոչինչ չէին լսում։ Մի քանի անգամ Epress.am-ի լրագրողը դատավորին խնդրել է զգուշացնել Մարտիրոսյանին՝ մոտ կանգնի խոսափողին։ Երբ լրագրողը ևս մեկ անգամ ժեստով ցույց է տվել, որ ոչինչ չի լսվում, բարկացած դատավորը ասել է․ «Նորմալ նստի, ոտքը ոտքին մի գցի»։ Թղթակիցը պարզաբանել է, որ ինքը այդպես է նստել, քանի որ ծնկին դրված տետրում գրառումներ է անում։ Դատավորն, այնուամենայնիվ, լրագրողին դուրս է հանել դահլիճից։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Բալայանը կենտրոնանում է դահլիճում ներկա գտնվողների վրա։ Նախորդ նիստերից մեկի ժամանակ դատավորին թվացել էր, թե ներկա իրավապաշտպաններից մեկը է ծամոն է ծամում, ինչի համար նկատողություն արել այն դեպքում, երբ վերջինս պնդում է, որ ծամոն չի ծամել։ Մյուս անգամ Բալայանը նկատել է, որ իր մտնելիս մասնակիցներից մեկը ոտքի չի կանգնել։ Չնայած այդ օրվա նիստի ներկաները պնդում են, որ քարտողարը չի հայտարարել՝ «ոտքի, դատարանն է գալիս»։

2016 թվականի հուլիսի 8-ին, ըստ մեղադրականի, Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել է նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին և նրա ծնողներին։ Հարվածների հետևանքով՝ մայրը՝ Կարինե Մանսուրյանը տեղում մահացել է։