Գլխավոր / Դատարան / Քաղաքացուն հրապարակայնորեն վիրավորած փաստաբանի դեմ կարգապահական վարույթ չի հարուցվի

Քաղաքացուն հրապարակայնորեն վիրավորած փաստաբանի դեմ կարգապահական վարույթ չի հարուցվի

Օրեր առաջ փաստաբան Արտակ Խաչատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորական մեկնաբանություններ էր արել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին։ Նա լուսանկարել էր Գասպարիի բողոքի ակցիան՝ փաստաբանների պալատի մոտ, և լուսանկարի հետ հրապարակել մեկնաբանություններ, այդ թվում «Այդքան ընկած հանդիպում էի ման գալիս, իրա ոտքով եկավ ու ոտքերիս տակ պառկեց։ Ասում է խառոշայա ապազիցիյա էտո լեժաշայա ապազիցիյա» [լավ ընդդիմությունը պառկած ընդդիմությունն է]։ Գասպարին շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ է անում հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի դեմ, ով շարունակում է ներկայացնել ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի շահերը դատարանում՝ անկախ այն բանից, որ Սեֆիլյանն այդ պաշտպանին դեմ է։

Փաստաբանների պալատի ներկայացուցչին հարցրեցինք՝ արդյո՞ք Արտակ Խաչատրյանի դեմ կարգապահական վարույթ չի հարուցվելու՝ իր ոչ էթիկական պահվածքը քննելու համար։ Ասացին, որ՝ ոչ, քանի որ չկա դիմում․ «Եթե դիմում լինի, ընթացք կտանք»։

Ինչևէ, Փաստաբանության մասին օրենքի համաձայն՝ դիմումի առկայությունը պարտադիր չէ կարգապահական վարույթ հարուցելու համար․ դրա առիթ կարող են հանդիսանալ նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։ Ըստ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանության մասին օրենքի՝ փաստաբանը պարտավոր է ոչ միայն մասնագիտական, այլև էթիկական վարքագիծ դրսևորել։ Կանոնակարգի առաջին հոդվածում ասվում է, որ փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ, փաստաբանը պատասխանատվություն ունի ոչ միայն իր վստահորդի, այլ հասարակության նկատմամբ, հանուն մարդու իրավունքների պաշտպանության` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորության և հասարակության այլ շահերի։