Home / Բանտ / Կունգորցևի դեմ «նոր ապացույցները» ի հայտ են եկել խորհրդակցական սենյակում

Կունգորցևի դեմ «նոր ապացույցները» ի հայտ են եկել խորհրդակցական սենյակում

15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի հայրը չի հաշտվում այն փաստի հետ, որ իր որդուն սպանողը ազատության մեջ է, իսկ մոտ երեք տարի բանտում անցկացնելուց հետո արդարացված վանաձորցի Կարեն Կունգորցևը (նկարում) կրկին կալանքի տակ է։

Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ սպանվածի հայրը ասել է, որ բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանի, Մանուշակ Պետրոսյանի և Մխիթար Պապոյանի վճիռը, որով Կունգորցևը 15 ամիս ազատության մեջ անցկացնելուց հետո նորից կալանավորվել է դատարանի դահլիճում։

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Արմինե Ֆարմանյանը պատմել է, որ արդարացված Կունգորցևին նորից կալանավորելու համար Վերաքննիչ դատարանը հղում է արել երկու երեխաների ցուցմունքների վրա, որոնք անգամ դեպքի վայրում չեն եղել, և կցել է մեկ այլ քրեական գործից բերված ձայնագրություն, որը այս գործի հետ որևէ կապ չունի։ «Ես դատական ակտը կարդում եմ՝ շուրջ 200 էջ, ամեն էջը կարդալիս ուզում ես հասկանալ՝ կարելի՞ էր, չէ, գործը ուսումնասիրել, նիստերի ձայնագրությունները լսել։ Անգամ մեղադրողը իր ճառում երկու առանցքային վկաների վրա հղում չկատարեց՝ հաստատված համարելով, որ էդ մարդիկ դեպքի վայրում չեն եղել։ Վերաքննիչ դատարանը չգիտես ինչ մեխանիզմով գտնում է, որ այդ մարդկանց նախկին ցուցմունքները արժանահավատ են։ Ոչ սկավառակն է ուսումնասիրել, ոչ գործի նյութերը, մեղադրողի ճառն անգամ չեն լսել։ Երկրորդը՝ այլ գործով օպերատիվ հետախուզական միջոցառում հայտնվեց մեր գործում։ Չգիտես ինչու, ինչ-որ մեկը այլ գործով որոշել էր Կարեն Կունգորցևի մասին խոսել։ Դատարանը անհասկանալիորեն այդ ձայնագրությունը դրել է մեղադրանքի հիմքում։ Մինչդեռ այդ ձայնասկավառակը պետք է նախ ապացույց ճանաչվեր։ Մենք՝ որպես կողմ դրանք վիճարկելու հնարավորություն չենք ունեցել, քանի որ մեզ համար կանխատեսելի չէր, որ դատարանը այն դնելու է մեղադրանքի հիմքում»։

Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս նշել է, որ որոշ «ապացույցների» մասին իրենք իմացել են միայն վճիռը հրապարակելուց 50 օր անց։ Օրինակ՝ դատական ակտի պատճառաբանություններից է․ Նուբարաշեն ՔԿՀ֊ի պետը գրություն է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ Մանուշակ Պետրոսյանին, իրենք խորհրդակցական սենյակում այդ թուղթը դրել են որոշման հիմքում։ «Մենք դա իմանում ենք որոշումը կայացնելիս 50 օր հետո։ Այս ամենը ցույց է տալիս, որ դատարանը կատարել է որոշակի պատվեր։ Առաջինը՝ իրական հանցագործին վերցրին իրենց հովանու տակ։ Իշխանությանը ազատեցին Կունգորցևին 3 տարի կալանավորելու համար փոխհատուցում տալու պարտականությունից և հանցագործին բացահայտելու համար նոր քննություն սկսելուց», – ասել է Պապիկյանը։