Գլխավոր / Առողջապահություն / Հայաստանի ջրամբարներն ուսումնասիրված չեն. ձկնային աշխարհին վտանգ է սպառնում

Հայաստանի ջրամբարներն ուսումնասիրված չեն. ձկնային աշխարհին վտանգ է սպառնում

Հայաստանում շահագործվող գրեթե ոչ մի ջրամբար ուսումնասիրված և գնահատված չէ իր ձկնային պաշարների տեսանկյունից: Դրա հետևանքով ավազաններում ոչնչանում են Կարմիր գրքում հայտնված շատ ձկնատեսակներ: Epress.am-ի հետ զրույցում պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, անդրադառնալով Արմավիրի մարզի Արգինա գյուղում երեկ մեծ քանակությամբ ձկների ոչնչացման փաստին, նշել է, որ ձկնային աշխարհին վնաս չպատճառելու համար հարկավոր են լուրջ ուսումնասիրություններ և բալանսավորված քաղաքական որոշումներ:

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հովսեփ Ղազարյանը տեսանյութ էր տեղադրել, թե ինչպես են հարյուրավոր ձկներ Ախուրյանի ջրամաբարից գյուղի ցանքատարածությունները ոռոգող ջրագծերի միջով հայտնվել ցամաքում: Դրանց մի մասը հավաքել են հարակից գյուղերի բնակիչները, սակայն, ձկների մի մասը սատկել է:

Պիպոյանը նշել է, որ այս տարվա երաշտի հետևանքով ջրամբարներից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել. «Ձկները, որոնք կուտակումներով հավաքվել էին ջրամբարի  խողովակների մոտ, մեծ քանակով մղվել են խողովակով դեպի ջրանցքները»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ Ախուրյանի ջրամբարի վրա այդքան մեծ թվով  ձկների կորուստը, Պիպոյանն նախ ընդգծել է, որ Հայաստանում ներկայում շահագործվող որևէ ջրամբար չունի ձկնապաշտպան նշանակություն. «Այսինքն՝ երաշտի  ժամանակ կամ այլ պայմաններում օգտագործվող ջրերին ուշադրություն չեն դարձնում, չի ուսումնասիրվում, թե ինչ ձկնատեսակներ են դրանք պարունակում»: Ինչ վերաբերում է Ախուրյանի ջրամաբարին, ապա այնտեղ հիմնականում կարաս տեսակի ձկներ են, որոնց անգամ այդքան կորուստը ֆաունային որևէ վնաս չի տա: Այդ ձկնատեսակը շատ բեղուն է և արագ է վերականգնվում:

Խնդրի հետ կապված, Պիպոյանի խոսքով, Բնապահպանության նախարարությունը  պատասխանել է, որ իրենք չեն կարող մոտենալ ջրամբարին և համապատասխան ուսումնասիրություններ կատարել, քանի որ այն սահմանամերձ է: Երկրորդ՝ ջրամբարը պատկանում է Ջրպետկոմին, որը և կարգավորում է ջրի արտահոսքը:

«Պետք է համակարգային հարց բարձրացնել. եթե Ջրպետկոմը ջուր է բաց թողնում, պետք է խորհրդակցի գոնե նախարարության կամ մասնագետների հետ: Արդյոք ջրի գերծախսը, որը հանգեցնելու է նրան, որ ջուրը վերջանա ջրամբարում, հղի չի՞ լինի բնապահպանական կատակլիզմներով, նույնիսկ եթե ձկնապահպանման նշանակություն չունի այդ ջրամբարը, բայց հարակից գյուղերի բնակիչները այնտեղ ձուկ են որսում ու հոգում են իրենց ընտանիքի կարիքները:  Դրա համար կարևոր է, որ լինի ձկնապահպանական միջոցառում մինչև  ջրի բաց թողնելը, պետք է հասկանալ ինչքան և ինչպես է կարելի ջուր վերցնել»: