Home / Բանակ / Բանակը թելերը գնում է ի օգուտ գեներալի

Բանակը թելերը գնում է ի օգուտ գեներալի

2017 թվականին «Խաչպար» ՍՊԸ-ն հաղթել է պաշտպանության նախարարության կողմից հայտարարված թելերի մատակարարման տենդերում, նվազեցրել առաջարկած ապրանքի գինը, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: Ընկերությունը վերահսկվում է գեներալ գնդապետ, Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ընտանիքի կողմից:

«Խաչպարի» տնօրեն Սմբատ Բալասանյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է. «Օրենքով սահմանված բոլոր ժամանակահատվածների ուշացումներով մենք տեղեկացվեցինք, որ մեր նեկայացրած չափաբաժիններն առաջին տեղն է ճանաչվել, եւ հրավիրեցին ՊՆ: Ինձ տեղեկացրին կաբինետում, որ ցանկանում են մեր կարանյութերը գնել, բայց մի քիչ գները թանկ են: Հաշվի առնելով, որ բանակի համար է, հնարավորության սահմաններում գների նվազեցում կատարեցինք 15 տոկոսով: Տեղում համաձայնագիր կնքվեց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն տալիս է իր համաձայնությունը նոր գներով պայմանագիր կնքել»:

Հաջորդ քայլը պայմանագրի հավելվածում գներն ու տեխնիկական բնութագրերը ներառելն էր: Բալասանյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: «Նույն օրը մենք պատասխան գրեցինք, որ այն տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք տեխնիկական բնութագրում, դրանք համապատասխանում են նախարարության հրավերում գրված թվային մեծություններին՝ մեկին մեկ: 6 չափորոշիչ կար՝ անուններ, թելի երկարություն, ասեղի երկարություն, կորություն եւ այլն: Բոլորը ՊՆ-ի ներկայացված տվյալներն են»: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անճշտություն նկատի ուներ ՊՆ-ն, նա պատասխանեց, որ հայտարաված մրցույթի տեխնիկական բնութագրում բացի 6 չափորոշիչներից, որոնք ներկայացրել է «Խաչպար» ՍՊԸ-ն, կային եւս ուրիշ պահանջներ:

«Մեր պատասխանում ես գրեցի, որ ձեր ուզած բնութագրի մասին ոչ մի արտադրող իր արտադրանքի տուփերի վրա չի գրում, տվյալ պահին մենք ձեռքի տակ չունենք, որ ներկայացնենք: Պատրաստ ենք, թե մատակարարումը կատարվի, նամանավանդ, որ իրենց ուզած գնով իջեցրել ենք մեր ապրանքի գինը, պատրաստ ենք մատակարարման ժամանակ յուրաքանչյուր խմբաքանակի հետ որակի սերտիֆիկատ ներկայացնենք արտադրողի կողմից», – ասաց ՍՊԸ-ի տնօրենը:

Այնուհետեւ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է իր ներկայացրած ապրանքի սերտիֆիկատը հենց արտադրողից: Դա էլ են փոխանցում պաշտպանության նախարարությանը, որտեղ նշված է եղել նաեւ, որ ապրանքը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի ստանդարտներին: «Դրանից հետո ոչ մի արձագանք չենք ունեցել: Պարզվում է, որ օգոստոսի 23-ին ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները բացասական կարծիք են տվել եւ նախարարությունը դիմել է ֆինանսների նախարարություն որպես տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող տվյալներ ներկայացրած «Խաչպար» ՍՊԸ-ին եւ եւս երկու ուրիշ ընկերությունների ընդգրկել այսպես կոչված սեւ ցուցակում, մրցույթների մասնակցության իրավունքից զրկելու համար», – ասաց Բալասանյանը:

Նրա խոսքով, հայտարարված մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, իսկ կոնկրետ իր կողմից ներկայացված ապրանքների չափաբաժնում 4 ընկերություն էր հայտ ներկայացրել: «Մեկի հայտը, ըստ օրենքով սահմանված կարգի, սխալ է եղել կազմված՝ մերժվել էր, հաջորդ ամենաէժան գին առաջարկողը իմն է եղել, ինձնից հետո եղել է եւս 2-ը, որոնք մերժվել են, իսկ հաղթել է ամենաբարձր գին առաջարկած «Ինտերմեդ» ՍՊԸ-ի առաջարկը: Եթե ՊՆ-ն գներ մեր առաջարկած ապրանքը, գումարը կկազմեր 5 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար, իսկ «Ինտերմեդ»-ի առաջարկած գինը 20 միլիոն դրամից ավելի է, 4 անգամ տարբերություն կա»,- ասաց ըկերության ղեկավարը՝ նշելով, որ ՊՆ-ի մոտ սովորություն է դարձել այդ գործելաոճը, քանի որ նախորդ տարի էլ է նման դեպք եղել:

«Խաչպար» ՍՊԸ-ն դիմել է ՏՄՊՊ հանձնաժողով, ինչպես նաեւ պարզաբանումներ է տրամադրել ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման կոմիտե:

Atmtimes.com-ը փորձեց «Ինտերմեդ» ՍՊԸ-ի մասին տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից: Շտեմարանում առկա երկու «Ինտերմեդ» ՍՊԸ-ներից մեկը լուծարված է, իսկ գործողը հիմնադրվել է 2010 թվականին, հիմնադիրը «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ՍՊԸ-ն է: Վերջինս էլ հիմնադրվել է 1997 թվականին, հիմնադիրներն են Սուսաննա Ռաֆայելյանը եւ Էդուարդ Դիլանյանը:

Որոշ տեղեկություններով, «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն, Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։