Գլխավոր / Համայնքներ / Երաշտը գյուղացու համար է միայն․ ակցիա Կառավարության դիմաց

Երաշտը գյուղացու համար է միայն․ ակցիա Կառավարության դիմաց

Այս տարվա աննախադեպ երաշտի պատճառով Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ամիսներ շարունակ չեն կարողանում ջրել իրենց բերքատու այգիները։ Դրա հետևանքով գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը՝ բերքը, չորացել է։ Երաշտը, սակայն,միայն հասարակ գյուղացիներին է «վերաբերվում»։ Կառավարության շենքի մոտ այսօր հավաքված Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում պնդել են, որ «թիկունք ունեցողները» կարողանում են օգտվել ջրից։

«Ժողովրդին ասում են՝ հասկացեք, երաշտ է։ Էդ երաշտը ոչ մարզպետին է վերաբերվում, ոչ ներկա ու նախկին գյուղապետերին է վերաբերվում, որ ոռոգում են իրենց 40-50 հա պտղատու մրգի այգիները։ Հենց վերաբերվում է ժողովրդին, ջուրը կտրվում է», — ասել է Գոռավանի բնակիչներից Պետիկ Գուլգուլյանը։ Նրա խոսքով՝ մարզի երկու գյուղերի՝ Ուրցաձորի և Դաշտավանի միջով հոսող Վեդի գետի ջուրը կարելի է բաժանել այդ երկու գյուղերի միջև, իսկ մնացած ջրից էլ կարող են իրենք օգտվել։

Մեկ ամիս շարունակ Գուլգուլյանը չի ջրել իր պտղատու այգին, ջուր եղած ժամանակ էլ ասում են՝ սպասեք ձեր հերթին։

«100 լիտրանոց նասոսը տալիս են, որ նախկին ջրկոմի նախագահը պտղատու այգի ջրի, իսկ մենք սպասենք», — ասել է գոռավանցին։

Մոտ 500 տնտեսություն ունեցող գյուղին, գոռավանցիների խոսքով, տալիս են ընդամենը 20 տոննա ջուր, այն դեպքում, երբ «թիկունք ունեցողներին» 100 տոննա է հասնում։

Ակցիայի եկած մեկ այլ գյուղացու՝ Գուրգեն Խաչատրյանի խոսքով էլ՝ ինքը փող տվել է, սակայն չի կարողանում օգտվել ջրից․ «Երաշտը միայն մե՞ր համար է։ Երաշտը գյուղացու համար է»։

Ջրային պետական կոմիտեից գյուղացիներին հանդիպել, ասել են, որ համաբերեն, շուտով ջրամբար են կառուցելու․ «Մեր հիմնած այգիները թողնենք, որ 4 տարուց ջրամաբար կառուցեն… դե, 4 տարին ինչ է որ»։

Խնդրի հետ կապված՝ Epress.am-ի թղթակիցը զրուցել է Արտաշատի Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արթուր Ղազարյանը հետ։

«Գոռավանցիներն այս տարի անընդհատ բողոքում են, իրենք էլ չգիտեն՝ ինչից։ Գոռավանում մաս կա, որ մեր կանալը չի անցնում այդ մասով։ Պետք է էդ մասը ջրեն գետի ջրով, սակայն գետի ջուրը չի հասնում այդտեղ, քանի որ այս տարի երաշտ է։ Իրենք տարել, նենց տեղ են իրենց բույսը ցանել, որ վարյանտ չկա ջուր բերելու։ Ցիստեռո՞վ տանենք, որ ջրեն»։ Ղազարյանի խոսքով՝ ջուր, այնուամենայնիվ, գյուղ մտնում է և ճիշտ բաշխում է կատարվում․ «Իրենց գյուղից է ջրբաշխը, մենք հետևում ենք, որ նորմալ բաժանի․․․ Պատահում է՝ էդ գյուղացիները հենց նենց տեղն էլ են բողոքում», — ասել է Ղազարյանը։

Նշենք, որ վերջերս Epress.am կայքի լրագրողներն այցելել էին Ուրցաձոր գյուղ։ Այնտեղի բնակիչները նույնպես նշել են, որ չոր ամառվա պայմաններում ջուրը չի բավարարում, բացի դա, այն սխալ է բաշխվում։ «Կարճ ասած՝ ով ուժեղ ա, ջուր կունենա, ով թույլ ա, չի ունենա», — նշել էին գյուղացիները։