Home / Կրթություն / Ռուսաց լեզուն օգնում է լավ ֆիզիկոսներ պատրաստել․ ԿԳ նախարարը՝ լեզվի հայեցակարգի մասին

Ռուսաց լեզուն օգնում է լավ ֆիզիկոսներ պատրաստել․ ԿԳ նախարարը՝ լեզվի հայեցակարգի մասին

Կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանը լրագրողներին բացատրել է՝ ինչու է ռուսաց լեզուն Հայաստանում այլ լեզուներից կարևոր։

Օրեր առաջ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը ներկայացրել էր ՀՀ դպրոցներում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը։ Այն բուռն արձագանքներ էր առաջացրել, քանի որ ռուսաց լեզվի հայեցակարգը ներկայացվել էր մյուս օտար լեզուներից առանձին։ Շրջանառվում էր այն միտքը, որ դա Ռուսաստանի Դաշնության կողմից հովանավորվող քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ է, որը միտված է ռուսաց լեզվին հայերենին հավասար կարգավիճակ տալուն։

Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համաժողովի այսօրվա նիստի ընդմիջման ժամանակ Լևոն Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է ռուսաց լեզվի հայեցակարգը առանձին, ասել է․ «Նախ մնացյալը լատինատառ հիմքի վրա են, ռուսերենը՝ կիրիլիցայով է։ Երկրորդ՝ ռուսերենը 2-րդ դասարանից պարտադիր է ՀՀ-ում՝ իբրև օտար լեզու, իսկ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը դպրոցներն ընտրում են։ Երրորդ՝ մեր մասնագիտական գրականությունը, որը համալսարաններում է, գրադարաննում է, բացարձակ մեծամասնությամբ ռուսերենով է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք լավ ֆիզիկոս ունենանք, ապա ռուսաց մասնագիտական գրականությունը շատ ավելի էժան է և ավելի մատչելի է մեր հասարակության համար»։

Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ Հայաստանում «հավետ միակ պետական լեզուն հայերենն է լինելու», դա օրենքով պաշտպանված է։

Մկրտչյանն ընդգծել է, որ տվյալ հարցում չի կարող լինել որևէ քաղաքական ենթատեքստ, և նման քննարկումները՝ «կեղծ օրակարգ» են։