Home / Բանակ / Ռուս֊բելառուսական զորավարժություններին ուղղաթիռը կրակել է հանդիսատեսների ուղղությամբ

Ռուս֊բելառուսական զորավարժություններին ուղղաթիռը կրակել է հանդիսատեսների ուղղությամբ

«Արևմուտք֊2017» ռուս֊բելառուսական զորավարժությունների հերթական փուլի ընթացքում Կա-52 ռազմական ուղղաթիռը պատահաբար «ցամաք-օդ» դասի հրթիռներ է արձակել հանդիսատեսի ուղղությամբ, ինչի հետևանքով կան տուժածներ, երկու մարդ հոսպիտալացվել է, հայտնում է 66.ru կայքը։ Ամենայն հավանականությամբ, միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցին ընդառաջ անցկացվող փորձի ժամանակ: Նշենք՝ Ռուսաստանի ու Բելառուսի միջև «Արևմուտք ֊ 2017» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 14֊ից 20֊ը։

«Դրանք ընթանում էին նշակետերի ուղղությամբ, 500 մետր էր մնում․ ըստ առաջադրանքի՝ մարտական ուղու վրա միացվում են զինամթերքի շղթաները, նրանք միացրին, բայց այնտեղ ինչ֊որ բան խոտան տվեց, ու հրթիռներն ինքնաբերաբար արձակվեցին։ Այրվել է առնվազն երկու մեքենա, երկու հոգի ծանր վնասվածքներ է ստացել ու այժմ գտնվում է հիվանդանոցում։ Սա փորձ էր ինչ֊որ ցուցադրությունից առաջ․ տուժածները, հավանաբար, լրագրողներ են»,֊ ասել է կայքի աղբյուրը։

Միջադեպի կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։ «Տեղի է ունեցել կամ երեկ կամ դրա նախորդ օրը»,֊ հավելել է աղբյուրը։

66.ru֊ն նշում է, որ ռուս֊բելառուսական զորավարժություններն ի հայտ են բերել հարևան երկրների ղեկավարների մտահոգությունը։ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, օրինակ, հայտարարել է, որ վարժանքները պատկերում են իրական կոնֆլիկտ ՆԱՏՕ֊ի երկրների հետ, ու քննադատել «զորավարժությունների գաղտնի մասշտաբներն ու սցենարները»։

«Դա վկայում է «Արևմուտք» զորավարժությունների ագրեսիվ բնույթի մասին»,֊ Գրիբաուսկայտեն բողոքել է ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին։