Գլխավոր / Առողջապահություն / Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք են վերցրել․ ԱԱԾ ավարտել է նախաքննությունը․ «Ժողովուրդ»

Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք են վերցրել․ ԱԱԾ ավարտել է նախաքննությունը․ «Ժողովուրդ»

Հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից գումար վերցրած 13 բարձրաստիճան անձ հայտնվել են մեղադրայալի աթոռին։ Կաշառք ստանալու կասկածանքով կալանքի տակ են գտնվում 2 անձ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը։ Մնացած 11 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ-ի՝ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և գործել է կոռուպցիոն խումբ, որ ստացել է կաշառքներ և դրանք փոխանցել վերադասներին։

ԱԱԾ-ն պարզել է, շարունակում է թերթը, որ բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար դրամի չափով գումարներ։

Այնուհետև հավաքված գումարները հանձնաժողովի նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ հանձնել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը։

Երբ իրավապահները խուզարկություն էին իրականացրել հանձնաժողովի նախագահների աշխատասենյակներում, հավաքագրել էին նրանց կողմից օրեր առաջ քաղաքացիներից ստացած գումարների մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը)։

«Ժողովուրդ»-ի տեղեկությունենրով՝ Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանում գտնվող իր երկու աշխատասենյակներում ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցների և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին և նրանցից ստացել 1 միլիոն 528 հազար 600 դրամ կաշառք։

Թերթը մանրամասնում է, թե ովքեր են եղել կաշառք տալու մեջ կասկածվողները.

Այսպիսով՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Սողոյանին իր աշխատասենյակում 200 հազար դրամ կաշառք է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը։

Մեկ օր անց 150 հազար դրամ Սողոյանին է տվել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արամ Պետրոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Արոն Սիմոնյանը տվել է 288 հազար 600 դրամի համարժեք 600 ԱՄՆ դոլար։

Արարատի մարզի թիվ 2 ԲՍՓ նախագահ Զորիկ Մկրտչյանը կաշառք է տվել մի անգամ 40 հազար, մեկ այլ անգամ՝ 100 հազար դրամ։

Շիրակի մարզի թիվ 3 ԲՍՓ նախագահ Երեմ Մարգարյանը տվել է 100․000 դրամ։

Սյունիքի մարզի թիվ 2 ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը տվել է 100․000 դրամ։

Վայոց ձորի ԲՍՓ նախագահ Ցիալա Խուդինյանը տվել է 150․000 դրամ։

Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի ԲՍՓ նախագահները յուրաքանչյուրը տվել է 100․000 դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը՝ 100 հազար դրամ։