Գլխավոր / Դատարան / Սեֆիլյանի դատերին «ֆեյսբուքյան վկաներ» են բերում քանակ ապահովելու համար

Սեֆիլյանի դատերին «ֆեյսբուքյան վկաներ» են բերում քանակ ապահովելու համար

Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստերը, որոնք խոչընդոտվում էին փաստաբանների խուզարկումներով, հետաձգումներով, վերջապես սկսել են անցկացվել։ Այսօրվա նիստին հարցաքննվել են 3 վկաներ, թեև առանց Սեֆիլյանի ներկայության․ նա դատավորի մուտք գործելու պահին ոտքի չկգանգնելու համար հեռացված է նիստերի դահլիճից։ Մյուս ամբաստանյալները ևս չեն կանգնում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դիմավորելու համար, սակայն դատարանն ամեն անգամ բավարարվում է միայն նրանց նախազգուշացնելով։

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու մեղադրանքով հարուցված այս գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մոտ 60 վկաներ, դատաքննության ընթացքում լսելու են նրանցից միայն 14-ին։

Այսօրվա հիմնական վկան լիբանանահայ Վիգեն Թանաշյանն էր։ Նա պնդել է, որ որևէ կապ չունի «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հետ, որի ղեկավարներից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է։ Թանաշյանի խոսքով՝ նա միայն հետևել է նրանց Ֆեյսբուքում։ Վկան Հայաստան է տեղափոխվել 2013 թվականին և, քանի որ չի ունեցել ծանոթներ, փորձել է ընկերներ ձեռք բերել։ Նա «լայքել է» «Հիմնադիր խորհրդարանի» էջը, բայց հետագայում «զգացել է», որ այդ կառույցը քաղաքական է, և քանի որ ինքը քաղաքականություն չի սիրում, դուրս է եկել «Հիմնադիր խորհրդարանի» էջից։

«Ես չեմ սիրում քաղաքականություն, խելքս չի հասնում, միայն մշակույթի է հասնում»,֊ ասել է նա։

Թանաշյանն ասել է նաև, որ անձամբ չի ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, նրա մասին միայն լսել է, քանի որ Լիբանանում հայերին դաստիրակում են շատ հայրենասեր․ գիտի ազգային հերոսներին, այդ թվում՝ Սեֆիլյանին։ Բացի «Հիմնադիր խորհրդարանից» տղամարդը նաև փորձել է ձեռք բերել ընկերներ «լայքելով» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջը։ Սակայն այս դեպքում էլ հասկացել է, որ դա քաղաքական կառույց է։

Հարցին․ թե կոնկրետ ինչ «քաղաքական քայլ» է նա նկատել «Հիմնադիր խորհրդարանի» գործուենության ընթացքում՝ վկան պատասխանել է, թե նախաձեռնությունն ապօրինի քայլեր է արել, օրինակ՝ ապօրինի հանրահավաքներ։

«Ինչ գիտե՞ք, որ այդ հանրահավաքների մասին քաղաքային իշխանությունները թույլտվություն չէին տվել» հարցին, վկան պատասխանել է. «Դե եղան չէ՞ նման դեպքեր հետագայում»։

Ըստ մեղադրյալ Ներսես Պողոսյանի և նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի՝ Թանաշյանի ցուցմունքը գրել է քննիչը․ «Նա ընդամենը 13 թվին է տեղափոխվել Հայաստան, բայց ամենայն մանրամասնությամբ նկարագրել է Հայաստանի ողջ քաղաքական իրավիճակը, օգտագործել է բառեր, որոնք բարդ են ու դժվար արտասանելի, իսկ նա, ինչպես դատարանում երևաց, խոսում է արևմտահայերեն»,֊ նիստի ընդմիջմանը լրագրողներին ասել է Պապիկյանը։

Արևելահայերենի մասին հարցին Թանաշյանը պատասխանել է՝ ասելով․ «Ինչ բառ որ չեմ հասկացել, խնդրել եմ՝ քննիչը բացատրել է»։ Դահլիճում սկսել են ծիծաղել։

Պապիկյանը լրագրողներին ասել է, որ այդպիսի «ֆեյսբուքյան վկաներ» այս և Սեֆիլյանի հետ կապված մյուս քրեական գործերում շատ կան՝ մոտ 600 հոգի։

Ֆեյսբուքից վկաներին, ըստ փաստաբանի, քննիչները կանչել են, քանի որ որևէ այլ ապացույց չեն ունեցել։

«Որևէ որակական ապացույց չկա, փորձում են քանակական ապահովել»,֊ ասել է Պապիկյանը։