Home / Մեդիա / Բոյկոտի կոչ․ Կառավարության նախագիծը սահմանափակում է ԶԼՄ֊ների իրավունքները

Բոյկոտի կոչ․ Կառավարության նախագիծը սահմանափակում է ԶԼՄ֊ների իրավունքները

Հոկտեմբերի սկզբին Կառավարություն է ուղարկվելու Արդարադատության նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ սա տեղեկատվական ազատության իրավունքը ոտնահարող փաստաթուղթ է և պետք է բոյկոտի ենթարկվի։ Օրենքի նախագծի մասին այսօր քննարկում էր կազմակերպել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Հանդիպման մասնակից Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, asparez.am կայքի խմբագիր Լևոն Բարսեղյանն անդրադարձել է նախագծի մի շարք խնդրահարույց կետերին։

Մասնավորապես, նախարարության փաստաթղթում նշվում է, որ տեղեկատվության ազատության մասին օրենքը տարածվում է 50 և ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկների և կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների, բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և հանրային նշանակության կազմակերպությունների վրա։

Բարսեղյանը նշել է, որ Հայաստանում գործող ՊՈԱԿ-ների, 1000-ից ավել մանկապարտեզների, մարզային գրադարանների կեսից շատը չունի 50 և ավել աշխատող։ Հետևաբար նրանցից տեղեկություն ստանալը դառնում է անհնար, իսկ դա լրագրողների իրավունքների սահմանափակում է։

«Այս սահմանափակումները շատ կամայական բնույթ ունեն։ Ոչ մի կերպ չի հիմնավորվում՝ ինչու 50 և ավել աշխատակից է ընտրվել», – ասել է Բարսեղյանը։

Նա անդրադարձել է նաև տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերին։ Նախագծի 12-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, տեղեկատվություն տրամադրելու մերժման հիմք կարող է հանդիսանալ այն, որ հարցումն ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն (հանրային շահին առնչվող, հանրության կյանքին կամ բարեկեցությանը, սոցիալական խնդիրներին վերաբերող)։

«Մարդիկ առաջարկում են, որ տեղեկություն տնօրինողն ինքը որոշի տեղեկություն որոնողի հետաքրքրվածության հիմնավորումը։ Այս տեսակ հիմնավորվածությամբ մեր հարցումների 98 տոկոսը մերժվելու են։ Ասելու են՝ դա ձեր անձնական հետաքրքրվածությունն է, մնացածին չի հետարքրում», – ասել է Բարսեղյանը։

Նույն հոդվածի հաջորդ կետը սահմանում է, որ տեղեկատվության տրամադրման մերժման պատճառ կարող է լինել այն հանգամանքը, որ պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման։

«Այսինքն՝ պաշտոնյան պետք է ինքը գնահատի, թե հարցումը մեծ է, թե ոչ, անհամաչափ է, թե անհիմն», – Բարսեղյանի խոսքով՝ սա ևս մեկ կամայականություն է, որը կոպտորեն խախտում է տեղեկություն որոնողի իրավունքը։

Բարսեղյանի որակմամբ՝ ներկայացված փաստաթուղթը անգրագետ է, տպավորություն է, որ այն ներկայացրած է գրչակի կողմից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մեղավորը ոչ թե նախագիծը գրողներն են, այլ նրանց անմիջական ղեկավարները, օրինակ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Բարսեղյանի խոսքով՝ նույն Հարությունյանը հարկատուների, մասնավորապես, լրագրողների վճարած հարկերից աշխատավարձ է ստանում, բայց օրենքներ է հեղինակում, որոնք սահմանափակում են մեդիաների իրավունքները։

Համաձայն նախագծի՝ տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը իրականացնելու է լիազոր մարմինը, որը համապատասխան դիմումի հիման վրա վերանայելու է հարցումների վերաբերյալ տեղեկություն տնօրինողների որոշումները, կայացնելու է պարտադիր կատարման ենթակա որոշումներ, ապահովելու է հանրային տեղեկատվական հարթակի բնականոն աշխատանքը, օրենքով նախատեսված դեպքերում կարող է դիմել դատարան և այլն։

«Տեղեկատվական վեճերը մի հարթակ է տեղափոխվում, որտեղ ամենայն հավանականությամբ կկոծկվի», – այդ առնչությամբ ասել է Մելիքյանը։

Երկու բանախոսն էլ ընդգծել են, որ 3 ամիս առաջ լրագրողական կազմակերպությունները քննարկում են կազմակերպել և օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ արել, որոնք, սակայն, տեղ չեն գտել նախարարության կողմից ներկայացված փաստաթղթում։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ օրենքի քննարկվում է քաղհասրակության ներկայացուցիչների հետ միայն «գալոչկա» դնելու համար։

«Անելու են այն, ինչ որոշել են անել։ Մնում եմ համոզմանը, որ այս նախագիծը կոչված է այլ քաղաքական խնդիր լուծել, քան տեղեկատվության ազատության զարգացումն է։ Ես կարծում եմ, որ այդ օրինագիծը անհրաժեշտ է, որ իշխանությունները տպավորություն ստեղծեն, որ իբր սա կոռուպցիայի դեմ պայքարի բաղկացուցիչ մասն է, իբր իրենք ուզում են թափանցիկ դարձնել պետական մարմինների աշխատանքը։ Իրականում եթե այդպիսի քաղաքականություն վարվեր, ապա անցած տարի չէր ընդունվի գնումների մասին մի փոփոխություն, ըստ որի երկրի առաջին 3 դեմքերի գնումները կդասվեն գաղտնիքի շարքին։ Այստեղ խոսք չկա թափանցիկության մասին», – ասել է Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ այս նախագծի դեմը կարելի է առնել միայն հանրային ըմբոստության միջոցով և առհասարակ չմասնկացել է Արդարադատության նախարարության կողմից կազմակերպվող քննարկումներին։

«Եթե նախագիծն այս տեսքով գնա Կառավարություն, ապա պետք է բոլորը համախմբվեն և պիկետների միջոցով պաշտպանեն տեղեկատվության ազատության մասին իրավունքը», – եզրափակել է Մելիքյանը։