Home / Վերլուծություն / Բրեքզիթից և Թրամփից հետո․ Նեոնացիստները հայտնվեցին Գերմանիայի խորհրդարանում

Բրեքզիթից և Թրամփից հետո․ Նեոնացիստները հայտնվեցին Գերմանիայի խորհրդարանում

Եվրոպայում քաղաքական մակարդակով շարունակվում է ծայրահեղ աջերի առաջխաղացումը։ Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած ընտրություններին 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Քրիստոնյա֊դեմոկրատական կուսակցությունը գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, սակայն ընտրությունների հիմնական նորությունը դա չէր։ Մերկելի կուսակցությունից և Սոցիալ֊դեմոկրատներից հետո երրորդ հորիզոնականում է հայտնվել ուլտրաաջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին Գերմանիայում շատերը բաց տեքստով անվանում են նացիստներ։

Ինչ են ասում ուլտրաաջերը

Ընդամենը 4 տարվա պատմություն ունեցող, բացահայտ քսենոֆոբ հռետորաբանությամբ հանդես եկող կուսակցությունն էքզիթ֊փոլերի արդյունքներով հավաքել է ընտրողների ձայների 13%-ը և 94 տեղ կստանա Բուդեսթագում։ Սա առաջին դեպքն է 1961 թվականից ի վեր, երբ ծայրահեղ ազգայնական հռետորաբանությամբ կուսակցությունը տեղ է զբաղեցնելու Գերմանիայի խորհրդարանում։ Կուսակցությունը գլխավորում են Ալեքսանդր Գաուլանդը (լուսանկարում) և Ալիս Վայդելը։ «Այլընտրանքը» գրեթե նույնն է ասում, ինչ մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարի Լը Պենը։ Նոր նացիստները շատ լավ օգտագործում են միգրանտների ճգնաժամի հետևանքով Գերմանիայի հասարակության որոշ շերտերի մոտ մեծացած դժգոհությունը։

«Այլընտրանքի» ծրագրային դրույթներից․

– Փակել ԵՄ֊ի սահմանները

– Խիստ վերահսկողություն սահմանել Գերմանիայի սահմաններին

֊ Նվազեցնել փախստականների մուտքը երկիր

– Փախստականների համար ճամբարները կառուցել այլ երկրներում

– Այն օտարազգիները, ովքեր կացության իրավունք են խնդրել ու մերժում ստացել, պետք է վտարվեն Գերմանիայից

֊ Ժամանակավորապես կացության իրավունք ստացածների համար ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ, որ նրանք ցանկանան լքել Գերմանիան

֊ Հանել Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող սանկցիաները և բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ

֊ Իսլամը Գերմանիայի համար չէ։ Երկրում պահել միայն այն մահմեդականներին, որոնք ինտեգրվել են։

֊ «Այլընտրանքն» աջակցում է բրիտանական Բրեքզիթը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Կուսակցությունը նախընտրական արշավի ժամանակ կոչ էր անում ընտրողներին ընտրատեղամասեր գնալ և քվեարկել «այն երկրի համար, որտեղ մենք՝ գերմանացիներս, լավ ենք ապրում»։

Սոցիոլոգների կարծիքով՝ «Այլընտրանքի» ընտրազանգվածն է՝ երիտասարդ տղամարդիկ ոչ բարձր եկամուտներով և միջնակարգ կրթությամբ։

Արձագանքն ընտրություններից հետո

Անմիջապես ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո «Այլընտարնքի» առաջնորդներից Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել է, որ իրենք առաջին անգամ են մտել բուդեսթագ և պատրաստվում են «փոխել երկիրը» և «կառուցողական ընդդիմություն» լինել։

Այլ քաղաքական կուսակցությունները խիստ քննադատել են երրորդ տեղը զբաղեցրած ուժը։ Մասնավորապաես,Կանաչների կուսակցության (67 տեղ բունդեսթագում) համանախագահ Ջեմ Օզդեմիրի խոսքով՝ Գերմանիայի հասարակությունը պետք է հակազդի նացիստական ուժին։ Ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած Սոցիալ֊դեմոկրատների (153 տեղ) առաջնորդ Մարտին Շուլցն ընտրությունների օրն անվանել է «դառը» սոցիալ֊դեմոկրատների համար և հայտարարել, որ իր կուսակցությունը «կկրի տեղի ունեցածի պպատասխանատվությունը» և ընդդիմադիր դիրքերից հանդես կգա՝ չկազմելով կոալիցիա Մերկելի հետ։

Ընտրությունների արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո հազարավոր մարդիկ նոր նացիստների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել Բեռլինի կենտրոնական հրապարակում՝ Ալեքսանդրփլաթցում։ Հավաքվածները վանկարկել են «Nazis raus» (նացիները պետք է հեռանան)։

Ինչ է սպասվում

Ծայրահեղ աջերի առաջխաղացումը Եվրոպայում և ԱՄՆ֊ում շարունակական բնույթ է կրում։ Եվրոպայում այս միտումը մտահոգիչ են համարում՝ վերջին տարիների ընթացքում Անգլիան Բրեքզիթի ականտես է եղել, Ֆրանսիան՝ Մարի Լը Պենի առաջխաղացման, իսկ Գերմանիայի ընտրություններում երրորդ տեղն է զբաղեցնում ուլտրաաջ կուսակցությունը։ Այնուամենայնիվ, Գերմանիայի առաջդեմ ուժերը նշում են, որ խորհրդարանում կան «Այլընտրանքին» հակազդեցության մեխանիզներ։ Կարևոր է, որ բուդեսթագ անցած 6 կուսակցություններից 5-ը բացահայտ հակակրանքով են վերաբերվում նոր նացիստներին, երկրի խոշոր կենտրոններում նրանք բավական քիչ ձայն են հավաքել։ Ամենից շատն «Այլընտրանքը» ձայներ է ստացել Արևելյան Գերմանիայի որոշ հատվածներում, որտեղ կենսամակարդակն ակնհայտորեն ցածր է արևմտագերմանական հատվածից։

Գերմանիայում բնականաբար չեն մոռացել 20-րդ դարի 30-ականները, և «Այլընտրանքի» հնչեցրած ահազանգը չեն թերագնահատի։ Ամեն դեպքում, նոր նացիստների խնդիրը լրջագույն է, և, ինչպես նշում են բազմաթիվ վերլուծաբաններ, դա ոչ միայն Գերմանիայի, այլ ողջ Եվրոպայի հարցն է։