Home / Դատարան / Դատավորը միայն Սեֆիլյանին ու Սաֆարյանին չի ներում իր հետ նստած խոսելը

Դատավորը միայն Սեֆիլյանին ու Սաֆարյանին չի ներում իր հետ նստած խոսելը

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, կարծես, շահագրգռվածություն ունի, որ կոնկրետ մարդիկ՝ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը, չմասնակցեն իրենց դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Միայն այդպես կարելի է բացատրել, թե ինչու է Գրիգորյանը դատարանին չհարգելու համար դահլիճից հեռացնում Սեֆիլյանին և Սաֆարյանին, իսկ մյուս 5 ամբաստանյալներին միայն նախազգուշացումներ տալիս։ Այս մասին այսօր հայտարարություն է արել փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Այսօր Սեֆիլյանն ու Սաֆարյանը դատարան են բերվել, սակայն հեռացվել դահլիճից բերվելուց րոպեներ հետո՝ դատարանի հետ նստած խոսելու համար։

«Դատարանը տարբերակված է մոտենում նստած խոսելու հանգամանքին, մինչդեռ այն պարտավոր է պատճառաբանված գործողություններ անել և մեզ համար լինել կանխատեսելի։ Դատարանը շարժառիթ ունի, որ կոնկրետ մարդիկ չլինեն դատարանում»,֊ ասել է Պապիկյանը։

Այսպես, քանի որ Սեֆիլյանը հրաժարվում է կանգնած խոսել, իսկ տեղից խոսելու դեպքում դատավորը հանում է նրան դահլիճից, նա հնարավորություն ունի մնալ դատարանում միայն լուռ նստելու դեպքում։ Սեֆիլյանն այդ իրավունքից չի ցանկանում օգտվել և չի լիազորում իր պաշտպան Տիգրան Հայրապետյանին ներկայացնել իրեն դատարանում իր բացակայութամբ։

Սեֆիլյանը կարճ ժամանակ դատարանում լինելու ընթացքում հասցրել է ևս մեկ անգամ հայտարարել, որ չի ցանկանում նաև, որպեսզի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանում իր շահերը ներկայացնի։

Մարինե Թովմասյանի դեմ Սեֆիլյանի առաջակիցների բազմաթիվ բողոքներին ի պատասխան՝ փաստաբանը հայտարարել է, որ ինքը դատարանում ընդամենը լռելու է, բայց չի կարող հեռանալ, քանի որ իր ներկայությունը օրենքի պահաջնով է։ Իրականում Սեֆիլյանի բացակայությամբ Թովմասյանն ակտիվորեն մասնակցում է նիստերին՝ հարցեր ուղղելով հարցաքննվող վկաներին։ Դատարանում գործով հարցաքննվելու է 16 վկա։ Նրանցից մեկը, ում պաշտպան կողմն անվանել է «ֆեյսբուքյան վկա», հարցաքննվել է անցյալ նիստին։

Այսօր հարցաքննվել է ևս երկու վկա։

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը դատարանում ասել է, որ ընդամենը մեկ գիշեր մնացել է Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության գրասենյակում, քանի որ շինարարական աշխատանք էր անում Երևանում, և մնալու տեղ չուներ՝ ուշացել էր վերջին ավտոբուսից։

Հենց այդ օրն էլ քննիչները եկել են գրասենյակ, խուզարկել և բաժին տարել նաև իրեն։ Գրասենյակում իրեն մնալու տեղ է հատկացրել համագյուղացի Հովհաննես Պետրոսյանը։ Վկա Գրիգորյանն ասել է, որ տեղյակ չէր՝ ինչ կազմակերպություն է «Հիմնադիր Խորհրդարանը», ինչով էր զբաղվում, միայն հեռուստատեսությամբ էր լսել դրա մասին։ Գրիգորյանի դատարանում տված ցուցմունքը տարբերվում էր նախաքննական ցուցմունքից և նա պնդում էր, որ «երկու տարի է անցել, բաներ կա՝ չի հիշում»։ Մասնավորապես, նախաքննական ցուցմունքում Գրիգորյանը գրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանում» Երեմ անունով մեկն իրեն առաջարկել է պայմանագիր, որով նա պետք է մասնակցեր ինչ֊որ գործողությունների 2015 թվականի ապրիլի 24֊ին։ Նա գրել է, որ հրաժարվել է այդ պայմանագրից։ Նախաքննական ցուցմունքում Գրիգորյանն ասել էր նաև, որ «Նախախորհրդարան» նախաձեռնությունը (ղեկավարներից մեկը Ժիրայր Սեֆիլյանն էր֊խմբ․) պետք է «խժդժություններ» կազմակերպել։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատրանում հարցրել է՝ ինչ է «խժդժություն» բառը նշանակում, վկան պատասխանել է՝ «բողոքի ակցիա»։

Նշենք, որ այսօրվա նիստին դատական կարգադրիչները հետևում էին լրագրողներին և թույլ չէին տալիս տեսանկարահանել նիստի ընթացքը։ Նրանք դա պատճառաբանել են նրանով, որ դատավորն արգելել է նիստերը տեսանկարահանել։ Կարգադրիչները պահանջում էին, որպեսզի լրագրողները ցույց տան հեռախոսների կամ տեսախցիկների էկրանները՝ համոզվելու համար, որ միայն լուսանկարներ են արվել։ Նրանք նաև լրագրողներից պահանջում էին հեռախոսներից ջնջել տեսանկարահանվածը։ Կարգադրիչներից մեկն անգամ վերցրել է Epress.am֊ի լրագրողի հեռախոսը, սակայն վերջինս հետ է վերցրել այն և թույլ չի տվել ջնջել նկարահանածը։