Home / Մեդիա / Վանաձորում հարձակվել են լրագրողի վրա և խլել տեսանկարահանածը

Վանաձորում հարձակվել են լրագրողի վրա և խլել տեսանկարահանածը

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա սեպտեմբերի 29-ի երեկոյան մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հարձակվել են «Շինպլյուս» շինարարական կազմակերպության աշխատակիցները և խլել են լրագրողի տեսախցիկը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ինքը՝ Ավետիսյանը։

«Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան», – գրել է լրագրողը՝ նշելով, որ Նազարյանն իր աշխատողների հետ իրեն գցել են գետին, ոլորել են թևերը և խլել տեսախցիկը։

Ավետիսյանը դիմել է ոստիկանություն, որը դեպքի վայրում հայտնաբերել լրագրողի հեռախոսը: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվել է, որ Ավետիսյանի կողմից տեսանկարահանվածը ջնջվել է։

«Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա․․․ Նրան պատկանող սև գույնի «Մերսեդես G500» 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց», -գրում է Ավետիսյանը։