Home / Կրթություն / Արարատի մարզի դպրոցներում կրճատել են դասղեկության համար տրվող գումարները

Արարատի մարզի դպրոցներում կրճատել են դասղեկության համար տրվող գումարները

Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցիչները Epress.am֊ին հայտնել են, որ այսուհետ իրենց տրվող դասղեկության գումարները կրճատվելու են մինչև 10.000 դրամով։ Դպրոցների տնօրենն ուսուցիչներին հայտնել են պատճառը՝ մարզպետարանի կրթության վարչությունից ասել են, որ կրճատվել են դպրոցներին տրվող բյուջեները։

«Հիմա մենք դասղեկության համար ստանալու ենք մեր ամսական աշխատավարձի 10 տոսկոսը, օրինակ, եթե ուսուցիչը ստանում էր 100000 դրամ, այսուհետ դասղեկության համար ստանալու է 10000 դրամ, մինչդեռ մինչ այս դասղեկության գումարներն ամսական 20000 և ավելի էին», ֊ Epress.am֊ին հայտնել է ուսուցիչներից մեկը։

Նա պատմել է, որ ուսուցիչները քննարկում են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անելու հարցը, սակայն ինքը հույս չունի, թե որևէ մեկը կհանդգնի բողոքել՝ վախենալով կորցնել աշխատանքը։

Մեր զրուցակիցը ասել է նաև, որ Արարատի մարզի այլ դպրոցներում էլ են կրճատում դասղեկության համար տրվող գումարները։

«Դրամահավաքն էլ խիստ արգելվում է, նոր ուսումնական տարի է, ես ինքնս գնել եմ ավել, մաքրության պարագաներ, ոչ մի կոպեկ երեխաներից չեմ հավաքել», ֊ ասել է նա։

Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը Epress.am֊ի հետ զրույցում նախ մի քանի անգամ խնդրել է ասել, թե որ դպրոցի ուսուցիչներ են բողոքել։

«Ասեք անունը, ազգանունը։ Զանգել եք, ասեք՝ ով է դա Ձեզ ասել։ Դասղեկության գումարը հավելավճար է, դա չկա ՊՈԱԿ֊ների մասին օրենքում։ Դա դպրոցի տնօրենն է որոշում՝ ինչքան գումար տա ուսուցիչներին՝ 2, 5 թե 10 տոկոս։ Դպրոցները դեռ մարզպետարանին պարտք են՝ անցյալ տարվա վառելիքի գումարները», ֊ ասել է Աղաբեկյանը։