Home / Դատարան / Օֆշորային սկանդալի գործով միակ մեղադրյալը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Օֆշորային սկանդալի գործով միակ մեղադրյալը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Հոկտեմբերի 2-ին օֆշորային սկանդալի գործով գործարար Աշոտ Սուքիասյանը, միակն, ով հայտնվել էր մեղադրյալի կարգավիճակում, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 16 տարվա ազատազրկման, մինչդեռ մեղադրող դատախազն ավելի մեղմ՝ 15 տարվա ազատազրկում էր պահանջել։

Աշոտ Սուքիասյանին մեղադրում էին այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Համաձայն Hetq.am-ի` Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wilspera Holdings Limited օֆշորային ընկերություն է գրանցել Կիպրոսում:

Նշենք, որ դեռևս 2013 թվականին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը հայտարարել էր, որ իր երկրում հնարավոր չէ մեկի անունով օֆշորային ընկերություն գրանցել առանց նրա թույլտվության։

Սուքիասյանի գործով տուժող էր ճանաչվել գործարար Փայլակ Հայրապետյանը և նրա որդին՝ Վարդան Հայրապետյանը։ 2010-2011 թվականներին Աշոտ Սուքիասյանն «Ամերիա» բանկից վարկ է ստացել, որի դիմաց, սակայն, գրավադրել էր գործարար Փայլակ Հայրապետյանին, նրա որդուն՝ Վարդան Հայրապետյանին, և խնամուն՝ Գագիկ Ղարիբյանին պատկանող ընկերությունները:

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ դատարանը կողմնակալ է եղել, մերժել է իրենց միջնորդությունները, և իրենք բողոքարկելու են դատավճիռը։

Փոխհատուցման չափն, ըստ փաստաբանի, «որոշվել է աչքաչափով»՝ մոտ 10.5 միլիոն դրամ։ «Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը կապ չունեն այս գործի հետ, ուղղակի Սուքիասյանն իրենց ստորագրություններն ունեցել է, քանի որ Կճոյանը իր քավորն էր, և օգտագործել է՝ առանց վերջիններիս կամքի։ Այսպիսով, Սուքիասյանը զենք է տվել Փայլակ Հայրապետյանի ձեռքին, որը քաղաքականացրեց հարցը», ֊ ասել է պաշտպանը։