Գլխավոր / Բանակ / 45 զինծառայողի մահվան դեպք 9 ամիսների ընթացքում

45 զինծառայողի մահվան դեպք 9 ամիսների ընթացքում

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում հայտնի է դարձել զինվորների մահվան 45 դեպքի մասին, որից 19-ը տեղի է ունեցել ՀՀ, 26-ը՝ ԼՂ տարածքում։ Այս մասին հայտնում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ գրանցվել է 4 սպանության, 8 ինքնասպանության դեպք, 20-ը հրադադարի ռեժիմի խախտման, 5-ը՝ դժբախտ պատահարների, երկուական դեպք՝ անփութության, առողջական խնդիրների և անվտանգության կանոնների խախտման արդյունք է, ևս երկու դեպքում զինծառայողների մահվան պատճառն առայժմ պարզ չէ։

 

Կազմակերպությունը ներկայացրել է դեպքերը՝ ըստ մահվան պատճառի.

Հրադադարի ռեժիմի խախտում

Գարիկ Վարդանյան (15 հունվարի, Տավուշի մարզ)

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Նույն միջադեպի, դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Անդրանիկ Մուսիկյան (18 հունվարի, ԼՂ)

Կարեն Ուլուբաբյան (22 հունվարի, ԼՂ)

Գոռ Գարեգինյան (6 փետրվարի, ԼՂ)

Գեղամ Մանուկյան (8 փետրվարի, ԼՂ)

Նվեր Բաբաջանյան (1 մարտի, ԼՂ)

Նարեկ Հարությունյան ( 24 մարտի, ԼՂ)

Արտակ Ռաֆայելյան (28 մարտի, ԼՂ)

Գոռ Հովհաննիսյան (31 մարտի, ԼՂ)

Մհեր Արզումանյան (28 ապրիլի, ԼՂ)

Կարեն Դանիելյան (20 մայիսի, ԼՂ)

Արմեն Հարությունյան (26 մայիսի, ԼՂ)

Արայիկ Մատինյան (16 հունիսի, ԼՂ)

Վիգեն Պետրոսյան (16 հունիսի, ԼՂ)

Վարդան Սարգսյան (16 հունիսի, ԼՂ)

Նարեկ Գասպարյան (17 հունիսի, ԼՂ)

Վազգեն Պողոսյան (10 հուլիսի, ԼՂ)

Արման Մովսիսյան (14 օգոստոսի, ԼՂ)

Արտակ Բիշարյան (27 օգոստոսի, ԼՂ)

Սեյրան Սարգսյան (28 սեպտեմբերի, ԼՂ)

Սպանություն

Արայիկ Սարգսյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի որամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանը հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն։

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ձերբակալված զինծառայողի անունը չի նշվում։

Գուրգեն Սարգսյան (Մարտի 1, Երևան)

ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գագիկ Մեսրոպյան (10 մայիսի, Տավուշի մարզ)

2017 թվականի մայիսի 10-ի վաղ առավոտյան պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վարդան Գրիգորյան (17 օգոստոսի, Տավուշի մարզ)

Ինքնասպանություն

Շավարշ Գալստյան (25 հունվարի, ՀՀ)

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 25-ին, ժամը 08:50-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը», ֊ նշում է Քննչական կոմիտեն։

Նախ նշվել էր, որ դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել 110֊րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), սակայն Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը):

Լեռնիկ Օսյան (18 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Կարեն Ավետիսյան (25 ապրիլի, ԼՂ)

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ. Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Մելիք Խաչատրյան (1 հունիսի, ՀՀ)

ՀՀ Քննչական Կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Գրիշա Կարապետյան (17 հունիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ:

2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:

Վարդան Մելքոնյան (23 հուլիսի, Երևան)

Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):

Պաշտոնական աղբյուրները հայտնում են՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է։

Աբաս Սլոյան (13 օգոստոսի, Շիրակի մարզ)

Հացիկ գյուղի տներից մեկի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի զինծառայողի դի։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանը օգոստոսի 13-ի առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։ Գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նրա դին՝ կախված վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մաս ի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Անդրանիկ Մկրտչյան (20 օգոստոսի, ՀՀ)

26-ամյա պայմանագրային զինծառայող, կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մտել է իր աշխատասենյակ և ինքնասպանություն գործել: Նրա դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին`ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Դժբախտ պատահար

Գարեգին Մինասյան (15 փետրվարի, ՀՀ)

Ռուբեն Մնացականյան (8 մայիսի, ԼՂ)

Ռուբեն Բարսեղյան (8 մայիսի, ԼՂ)

ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 զինծառայող զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Քննչական բաժնում պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ռաֆայել Բիշարյան (8 մայիսի, ԼՂ)

Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար։

Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Հայկ Խաչատրյան (1 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Առողջական խնդիրներ

Արմեն Ծատուրյան (26 ապրիլի, Երևան)

Ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, ավտոմեքենայում դի է հայտնաբերվել։ Մահացածը Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացել է սրտի կաթվածից։

Նարեկ Մխիթարյան (14 հունիսի, ԼՂ)

Մուրացան զինվորական հոսպիտալում հոսպիտալում Նարեկ Մխիթարյանը ենթարկվել էր պարանոցի կիստայի վիրահատության, սակայն վիրահատությունից հետո, հունիսի 14֊ին, մահացել էր:

Անփութություն, անգործություն

Գարեգին Արգամանյան (17 փետրվարի, ԼՂ)

2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանի դին:

Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:

Գոռ Խուդինյան (23 փետրվարի, ԼՂ)

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կոչումով կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Մահվան երկու դեպք է արձանագրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով

Նարեկ Հակոբյան (21 ապրիլի, Վայոց Ձոր)

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի՝ (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Արկադի Ղամբարյան (28 հուլիսի, Տավուշի մարզ)

Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։

Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանը (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) մահացել է հրազենային վիրավորումից։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երկու զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չի հնչել կամ կազմակերպությանն առայժմ չի հաջողվել ճշտել դրանք․

Սարգիս Ափինյան (26 հունվարի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արշակ Արշակյան (14 մայիսի, ՀՀ)

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում` պարզելու Ա. Արշակյանի մահվան հանգամանքները: