Home / Դատարան / Քաղաքացուն օդանավակայնից անհիմն ԱԱԾ են տարել և մեկ օր պահել․ գործը ՄԻԵԴ֊ում է

Քաղաքացուն օդանավակայնից անհիմն ԱԱԾ են տարել և մեկ օր պահել․ գործը ՄԻԵԴ֊ում է

Ազգային անվտանգության ծառայությունը խախտել է ՀՀ քաղաքացի Կարեն Քյուփելյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ նրան «Զվարթնոց» օդանավակայանից առանց հիմնավորման ԱԱԾ տեղափոխելով և շուրջ 1 օր պահելով։ Դեպքը տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերին, 45֊ամյա քաղաքացին մինչ այսօր պայքարել է իր խախտված իրավունքների համար և ներպետական ատյաններում քննությունից չբավարարվելով՝ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Epress.am-ին հայտնել է, որ ՄԻԵԴ֊ը ստացել է հայցը։

Տուժողը պնդում է, որ իրեն ԱԱԾ տարել են առանց օրինական հիմքերի, դա արել են ծառայության աշխատակիցներ Է. Նանյանը, Հ. Մազմանյանը և Տ. Աղաջանյանը։ Ներպետական ատյաններում մեղավոր է ճանաչվել միայն Մազմանյանը, իսկ մյուսները, որոնք նրա վերադասներն էին՝ ոչ։ Մազմանյանի դեմ վճիռ կայացվել է 2016 թվականին, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վերջինս ազատել է քրեական պատասխանատվությունից:

ՄԻԵԴ ուղարկված դիմումում տուժողի ներկայացուցիչները նշել են, որ խախտվել է Կարեն Քյուփելյանի ոչ միայն ազատության իրավունքը, այլև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

Բացի ՄԻԵԴ֊ի բողոքից, կողմը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով 3.500.000 ՀՀ դրամ: