Home / Մեդիա / Լրագրողի դեմ բռնության գործով կասկածում են միայն «վարորդին»

Լրագրողի դեմ բռնության գործով կասկածում են միայն «վարորդին»

Ոստիկանությունը հայտարարում է, որ «Շինպլյուս» շինարարական կազմակերպության վարորդն է բռնություն գործադրել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ և վարորդն է ջնջել լրագրողից խլած տեսախցիկից տեսանկարահանումները․ այդ պատճառով էլ վարորդին են ներգրավել որպես կասկածյալ։

Նարինե Ավետիսյանը սեպտեմբերի 29-ին փորձել էր տեսանկարել, թե ինչպես են շինարարները անձրևի պայմաններում կատարում ասֆալտապատում Վանաձորի կենտրոնում, և, ըստ լրագրողի, իր վրա են հարձակվել մի քանի հոգի՝ «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյանի առաջնորդությամբ։

«Մեզ համար սա անհասկանալի է։ Նարինեն ոչ մի անգամ «վարորդ» բառը չի օգտագործել, նույնիսկ անձի ճշտման ժամանակ։ Մենք ակնկալում ենք, որ առնվազն 4-5 անձի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։ Մենք անկալում ենք, որ ղեկավարի նկատմամբ կլինեն մի քանի հոդվածներ՝ հրահրում, կազմակերպում, իսկ մյուսներին [կներգրավեն]՝ որպես մասնակիցներ»,֊ «Լոռի» հեռուստաընկերության հետ զրույցում գործին անդրադառնալով՝ ասել է Ավետիսյանի ներկայացուցիչ, իրավապաշտան Արթուր Սաքունցը։

Նշենք, որ քրեական գործը հարուցված է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։ Մինչդեռ տուժող կողմը գտնում է, որ կատարվել է նաև խմբակային բռնություն անձի հանդեպ՝ կարգադրված խմբի ղեկավարի կողմից։

Լրագրողի նկատմամբ բռնությունը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, լրագրողական կազմակերպությունները, Եվրոպայի խորհուրդը․ ՀՀ դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտարարել են, որ ուշադիր կլինեն գործի քննության հանդեպ։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չեն ցանկանում գնահատական տալ դեպքին՝ ասելով, որ իրավապահ մարմինները պետք է բացահայտեն կատարվածը։