Գլխավոր / Ազգային ժողով / Նախկին պատգամավորն իշխանություններին առաջարկում է սորտավորել հայաստանցիներին

Նախկին պատգամավորն իշխանություններին առաջարկում է սորտավորել հայաստանցիներին

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ պետությունը պետք է քարոզչություն անի, որպեսզի մարդիկ իմանան, որ եթե բանակում չեն ծառայում, դառնում են «երկրորդական սորտի» մարդ։

Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի ամբիոնից՝ «Զինապարտության մասին» օրենքի լսումների ժամանակ։

««Ազգ֊բանակ» հասկացողությունը պետք է դարձնել բոլորիս սեփականությունը։ Ես կարծում եմ՝ քարոզչությունը բավականին կաղում է այդ առումով։ Կան պետություններ, որտեղ չծառայող երիտասարդը դիտվում է որպես ազգի դավաճան, առավել ևս պատերազմող երկրի երիտասարդը։ Կան երկրներ, որտեղ կրոնական փոքրամասնություններին տրված է իրավունք կամավոր հիմունքներով նաև չծառայել, բայց նրանք անպայման ծառայում են, որովհետև գիտեն, որ իրենց մատնացույց են անելու, ասելու են՝ նա դավաճանում է պետությանը։ Մենք պետք է, պարոն նախարար, ուշադրություն դարձնենք քարոզչության վրա։ Պետք է կարողանանք հասարակական կարծիք ձևավորենք, որ մարդիկ հասկանան, որ իրենք երկրորդական սորտ են դառնում, եթե չեն ծառայում բանակում։ Մենք կաղում ենք այս հարցում», ֊ ասել է Հակոբյանը։

Նա նաև դժգոհել է, որ Հայաստանի «Զինապարտության օրենքը» արագ մոբիլիզացիայի հնարավորություն չի ապահովում։

«Կամավորությունը լավ է, բայց ավելի լավ է պարտադիր կամավորությունը, որը հստակ պետք է ֆիքսված լինի օրենքի նախագծում»,֊ ասել է նա։

Նախկին պատգամավորը կողմ է օրենքին, միայն թե առաջարկել է ավելի խստացնել այն, օրինակ, պարտադիր զինվորական ծառայության շեմը 35 տարեկանից բարձրացնել մինչև 51, պատգամավորներին ևս չազատել պարտադիր զինծառայությունից։

Այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե ով կարող է ազատվել զինվորական ծառայությունից՝ Լևոն Արոնյանի և Տիգրան Համասյանի պես մարդիկ։