Home / Վերլուծություն / Իշխանություններն իրենց հասցեին յուրաքանչյուր մեղադրանք ծածկում են Ղարաբաղով

Իշխանություններն իրենց հասցեին յուրաքանչյուր մեղադրանք ծածկում են Ղարաբաղով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզման է հայտարարել է Թուրքիայի երեք քաղաքացու, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքից հետո, Թուրքիայի իշխանությունները գիտեն, որ խնդրին չեն կարող անլրջորեն վերաբերվել, ու Ղարաբաղ այցելած իրենց քաղաքացիներին արդեն զգուշացնում են զերծ մնալ չմտածված համաշխարհային ճամփորդություններից։

Բաքվի նոր սովորության մասին «Էխո Կավկազա» գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը զրուցել է Ադրբեջանի Հումանիտար հետազոտությունների միության ղեկավար Ավազ Հասանովի հետ։

Վադիմ Դուբնով – Ղարաբաղ այցելած թուրքական պատվիրակության անդամներն իրենց հետագա ճամփորդությունների մասին որոշակի մտահոգվածությամբ են խոսում՝ ենթադրելով, որ հնարավոր է արտահանձնում Ադրբեջանի խնդրանքով։ Լապշինի դեպքից հետո, խնդիրը որքանո՞վ է լրջացել։

Ավազ Հասանով – Գիտեք, Լապշինի ձերբակալությունից առաջ ոչ ոք չէր սպասում, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է ինչ-որ մեկին ձերբակալել երրորդ երկրի միջոցով ու դատել Բաքվում։ Մինչ այդ նրանք մարդկանց սև ցուցակում էին ընդգրկում, ու շատ զբոսաշրջիկների, լրագրողների և քաղաքական գործիչների համար այդ սև ցուցակը վերածվել էր դամոկլյան սրի․ նրանք գիտեին, որ Ադրբեջան չէին կարող մտնել, քանի որ դա կարող էր հանգեցնել անսպասելի հետևանքների։ Լապշինի ձերբակալությունը, սակայն, ցույց տվեց, որ իշխանություններն իրականում շատ լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ․ նրանք ոչ միայն մարդկանց ընդգրկում են «սև ցուցակում», այլև բարեկամ երկրներից պահանջում են մարդկանց արտահանձնել։

Թուրքիան այս առումով կարող է բացառություն լինել, քանի որ իր քաղաքացիներին Ադրբեջանին չի հանձնի, եթե նույնիսկ Բաքուն նման բան պահանջի։ Եթե, սակայն, նրանք այլ երկրներ այցելեն, օրինակ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա և այլն, «Ինտերպոլը» կարող է հեշտորեն նրանց հանձնել Ադրբեջանին։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև դա կարող է վերածվել մեծ սկանդալի, հետևաբար Թուրքիայի իշխանությունները կփորձեն պաշտպանել իրենց քաղաքացիներին․ բառացիորեն, իհարկե, չեն պաշտպանի, բայց կզգուշացնեն, որ ելքի իրավունք չունեն։

Վադիմ Դուբնով – Ի՞նչ է, «Ինտերպոլին» կարող է իսկապես հետաքրքրել Ղարաբաղի սահմանը հատելու մասին հոդվածը։ Ինչի՞ հիման վրա պետք է «Ինտերպոլն» ընդառաջի Ադրբեջանին։

Ավազ Հասանով – Իհարկե, նրանց առաջադրվող հիմնական հոդվածը սահմանի հատումն է, բայց արդեն խոսակցություններ կան, որ կարող են նաև մեղադրել ահաբեկչությանն ու անջատողականներին սատարելու մեջ։ Իհարկե, նրանք «Ինտերպոլի» հաճախորդները չեն, բայց հնարավոր է, որ հետագայում Ադրբեջանին իսկապես հաջողվի համոզել նրանց։ Հիմնականում, բնականաբար, խոսքը չի վերաբերում ինչ-որ օրենքի շրջանակների, այլ՝ բարեկամ երկրների միջև պայմանավորվածության։ Բելառուսում Լապշինի ձերբակալությունն անսպասելի էր շատերի համար, բայց միևնույն է, դա նրանց հաջողվեց։ Այն, որ ադրբեջանցի լրագրողին Ադրբեջանի իրավապահներն առևանգեցին Վրաստանից, նույնպես վկայում է այն մասին, որ չկան որևէ երաշխիքներ՝ ոչ միայն օտարերկրացիների, այլև՝ հենց Արբեջանի քաղաքացիների համար։

Վադիմ Դուբնով – Ադրբեջանի հեղինակությանը որևէ վտանգ սպառնո՞ւմ է։ Բարեկամ երկրները, օրինակ Բելառուսն ու հետխորհրդային տարածքի մի մասը, այլ հարց է, բայց Թուրքիայի իշխանություններն ասում են, որ իրենց քաղաքացիները վախենում են մեկնել, օրինակ, Լիբանան․․․

Ավազ Հասանով – Ադրբեջանը, իհարկե, շատ տարբերակներ չուներ, քանի որ չէր ընդունել օկուպացված տարածքների մասին օրենք, ինչպես, օրինակ, Ուկրաինան կամ Վրաստանը։ Ադրբեջանի իշխանությունները, սակայն, այլ կերպ վարվեցին․ նրանց «սև ցուցակ» հայտարարեցին։ Հայերն ում ցանկանում են հրավիրում են մեր օկուպացված շրջաններ, այնտեղ ցուցադրական համաժողովներ ու ներկայացումներ անցկացնում, ու նույնիսկ՝ գլուխ գովում։ Բնականաբար, Ադրբեջանի համար կարևոր է ոչ թե հեղինակությունը միջազգային հանրության առջև, այլև՝ Ղարաբաղի շահերի ներկայացումը, այն, որ իրենք ի վիճակի չեն մարդկանց հրավիրել տարբեր սեմինարների ու համաժողովների։ Կարծում եմ, որ հենց այս առումով Ադրբեջանը մեծ ուշադրություն չի դարձնում իր միջազգային հեղինակության վրա։

Վադիմ Դուբնով – Ըստ The Guardian թերթի հետաքննության՝ Բաքուն պատրաստ է մեծ գումարներ ծախսել իր հեղինակության համար․ ինչո՞ւ է այս դեպքում նման ռիսկի դիմում։

Ավազ Հասանով – Գիտեք, հենց Ղարաբաղի հարցում իշխանությունն իրեն շատ բաներ կարող է թույլ տալ՝ լինի դա խոշոր գումարների վատնում կամ քաղաքական ազդեցության գործադրում․ մեր բնակչությանը դա առանձնապես չի մտահոգում։ Հենց, օրինակ, Ռամիլ Սաֆարովի դեպքում, բոլորին հասկանալի էր, թե Ադրբեջանին ինչ մեթոդներով էր հաջողվել նրան երկիր վերադարձնել։

Վադիմ Դուբնով – Ռամիլ Սաֆարովն այն զինծառայողն է, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կացնահարել է հայաստանցի գործընկերոջը․․․

Ավազ Հասանով – Այո, Բուդապեշտում նրան դատեցին։ Երկար ժամանակ, հավանաբար, ինչ-որ դիվանագիտական ու քաղաքական օղակներում աշխատանք էր տարվում, ու որոշակի նախագծերում խոստումների դիմաց, նրանց ի վերջո հաջողվեց Սաֆարովին վերադարձնել Ադրբեջան։ Բնակչությունը կառավարությանը չէր հարցնում՝ ինչպես հաջողվեց նրան Բաքու վերադարձնել, բոլորը գոհ էին, ինչը դրականորեն ազդեց նաև թե կառավարության, թե Ալիևի իմիջի վրա։ Հետևաբար, կարծում եմ՝ Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևը կարող է անել այն, ինչ ցանկանում է, ծախսել անսահման գումարներ, ու դա մարդկանց առանձնապես չի անհանգստացնի։ The Guardian-ի հոդվածն ավելի շատ հետաքրքրել է ընդդիմադիրներին ում միգուցե, բնակչության դժգոհ հատվածին, բայց սովորական քաղաքացիներին ոչ ոք այդ հոդվածի վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ ահա Ղարաբաղի շուրջ որևէ հայտարարություններով և լսումներով, այդ հարցում որևէ որոշումներով ու հաջողություններով իշխանություններին հեշտորեն հաջողվում է քողարկել ցանկացած մեղադրանք։ Կարծում եմ՝ դա Ադրբեջանի հասարակության խոշորագույն դիլեման է։