Գլխավոր / Բանակ / 20 տարի ծառայելու պայմանով՝ սպաներին մատչելի բնակարաններ կվաճառեն

20 տարի ծառայելու պայմանով՝ սպաներին մատչելի բնակարաններ կվաճառեն

Ռազմական մասնագիտությունների գրավչությունը մեծացնելու հիմնավորմամբ՝ Պաշտպանության նախարարությունը բնակարան ձեռք բերելու նոր ծրագիր է առաջարկում սպաներին, ովքեր կպարտավորվեն 20 տարի մնալ ծառայության մեջ։ Այսօր Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մինչ օրս անվճար բնակարան ստանալու համար կարող էին դիմել միայն այն սպաները, ում բնակարային պայմանները շատ վատ էին, սպաները հերթագրվում էին և տարիներով մնում անվճար բնակարան ստանալու հերթի մեջ։ Այժմ, ըստ նախարարության նոր ծրագրի, սպայի համար բնակարանի տեր դառնալը 3 տարվա պատմություն է լինելու։

«Շատ կոպիտ հաշվարկով այս ծրագրի գրանցումից հետո սպայի համար բնակարան ստանալը լինելու է երեք տարվա խնդիր։ Այդ բնակարանի համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում՝ որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում։ Այսինքն ամսական 60-70 հազար դրամ, 3-րդ տարում կունենա բնակարան։ Ընդ որում՝ եթե սպան ծառայում է սահմանագծում, և ստանում է ծառայողական բնակարան, Երևանում ստացած բնակարանը հանգիստ կարող է տալ վարձով և 60-70 հազարը կարող է վճարել ոչ թե իր գրպանից, այլ վարձավճարից։ Իհարկե, կարևոր պայմանը 20 տարի ծառայության պարտավորությունն է»,֊ ասել է Վիգեն Սարգսյանը։

Այս ծրագիրը դեռ քննարկվում է, վերջնական տարբերակը պատրաստ կլինի նոյեմբերին։ Պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ սպաների համար մշակվում է կուտակային կենսաթոշակի մեխանիզմ։

«Ծառայության ընթացքում սպան կարող է իր թոշակը կուտակել և 65 տարեկանում սպայի թոշակը լինելու է հավասար իր պաշտոնում աշխատող սպայի աշխատավարձին», ֊ ասել է նա։

Զինված ուժերում ծառայության հանդեպ գրավչությունը մեծացնելու համար ՊՆ֊ն ավելի վաղ առաջարկել էր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։

«Ես եմ» ծրագրով մարտական հերթապահություն անցկացնելու մասին պայմանագիր կնքած զինծառայողներին 3 տարի ծառայելուց հետո կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ, որը պետք է օգտագործվի ՊՆ սահմանած մի քանի նպատակներով։