Գլխավոր / Բանակ / Ռազմական ամբիոններ ԲՈՒՀ֊երում, եկեղեցուց զերծ բանակ․ իրավապաշտպանները՝ ԱԺ֊ում

Ռազմական ամբիոններ ԲՈՒՀ֊երում, եկեղեցուց զերծ բանակ․ իրավապաշտպանները՝ ԱԺ֊ում

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հոկտեմբերի 11-ին կայացած խորհրդարանական լսումների ընթացքում իրենց կարծիքն են հայտնել իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ավետիք Իշխանյանը։

Նրանց ելույթներում հնչեցրած որոշ թեզեր ստորև․

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

…Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, իհարկե հավակնություններ չունենք, որ այստեղ ներկայացվող մեր կարծիքն իրական նշանակություն կամ ազդեցություն կունենա, քանի որ, վերջին հաշվով, Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունն է քվեարկելու։ Բայց կուզենայի մի քանի կարևոր հարցերի վրա ուշադրություն հրավիրել և ներկայացնել իմ հստակ քննադատական վերաբերմունքը «Ես եմ» և «Պատիվ ունեմ»  մոտեցումների վերաբերյալ, որոնք տարբեր ասուլիսների և բաց քննարկումների ժամանակ հնարավորություն ունեցել եմ ներկայացնել։ Թույլ տվեք պնդել, որ բոլորովին համաձայն չեմ Պաշտպանության նախարարի հետ, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական պրոբլեմներով…

…Եթե մենք ուզում ենք բոլորին անպայման զորակոչենք՝ իբր լուծելու սոցիալական արդարության սկզբունքը, սա ես համարում եմ պատժողական մոտեցում…

… Սոցիալական արդարությունը միայն զորակոչի ժամանակ չպետք է լինի, այլև՝ զինծառայության ընթացքում․․․

․․․ Անկախ նրանից քաղաքացին կամավոր է գնում ծառայության, թե՝ պայմանագրային, եթե պետությունը ստուգում է նրա առողջական վիճակը ծառայության անցնելուց առաջ, ապա պետք է ստուգի նաև՝ զորացրվելուց հետո…

…Երբ ընդունվել էր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, այդ ժամանակահատվածում, համաձայն վիճակագրության, Կառավարության կողմից զինվորական ծառայության ազատման որոշումների թվի մեծ մասը վերաբերել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին։ Նրանք որևէ նշանակություն ունե՞ն կրթության, մշակույթի, արվեստի և այլնի համար, իհարկե՝ ոչ։ Հետևաբար բնական է, որ Կառավարության կողմից նմանատիպ բացառիկ դեպքերի վերաբերյալ հստակ սահմաններ պետք է նշվեն…

…ՀՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ զինված ուժերը պետք է զբաղվեն պաշտպանության հարցերով։ Թող այդ երկու տարիներին եկեղեցին մեր կրոնական խնդիրներով չզբաղվի, այդ երկու տարին մարդկանց հանգիստ թողնի։ Թող զբաղվեն նախքան զորակոչվելը և զորացրվելուց հետո…

Ավետիք Իշխանյան, Հելսինկյան կոմիտեի նախագահ

… Ես միշտ կողմ եմ եղել հավասարությանը և միշտ հանդես եմ եկել այն առաջարկով, որ բուհերում վերաբացվեն ռազմական ամբիոնները։ Բուհերում սովորողները պետք է սովորեն ռազմական պատրաստվածություն…

…Եթե բուհ ընդունվողները պետք է պարտադիր գնան բանակ, ինչո՞ւ մյուսները չպետք է գնան…

…Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց կներեք, բանակը պետք է լինի ապակրոնական։ Եթե Մոնթե Մելքոնյանը լիներ Պաշտպանության նախարար, ապա նա բանակը պետք է տանե՞ր դեպի Ավետարանական եկեղեցի, չնայած որ ինքը հենց այդ եկեղեցու հետևորդ էր…

…Բացի Եհովայի վկաներից, բանակ են զորակոչվում կրոնական այլ կազմակեպությունների անդամները, նաև առաջնագծում ծառայում են աթեիստների երեխաները։ Նրանց բոլորին ստիպում են ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն, համբուրել խաչը և այլն։ Սա, իմ կարծիքով, գցում է բանակի մարտունակությունը…