Home / Եկեղեցի / «Ե՞րբ ես վերջին անգամ եկեղեցի գնացել»․ ինչ են հարցնում «Գրանդ Քենդիում» աշխատանքի ընդունելիս

«Ե՞րբ ես վերջին անգամ եկեղեցի գնացել»․ ինչ են հարցնում «Գրանդ Քենդիում» աշխատանքի ընդունելիս

«Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ժամանակ թեկնածուներին հարցնում են նրա դավանանքի, կրոնական կազմակերպության պատկանելության մասին։ Epress.am֊ի հետ զրույցում իրենց փորձի մասին պատմել են 2017 թվականի հունիս և սեպտեմբեր ամիսներին հարցազրույցի մասնակցած Թամարա Օհաջանյանն ու Աստղիկ Թուրաբյանը:

«Հունիսի սկզբին ես նրանց կայքում տեսել էի մանրէաբանի թափուր հաստիքի մասին հայտարարություն, ուղարկել էի CV-իս, հետո ինձ զանգահարել էին և ասել, որ հրավիրված եմ հարցազրույցի։ Զանգից հետո ես գնացել էի «Գրանդ Քենդիի» գործարան հարցազրույցի։ 6 հոգի էին նստած, երկուսը ոնց հասկացա մանրէաբան էին, երիտասարդ տղաներ կային և մեծահասակ մարդ։ Սկզբում մասնագիտական հարցեր էին տալիս, թե որտե՞ղ եմ ավարտել, ի՞նչ աշխատանքային փորձ ունեմ, նմանատիպ ընդհանուր տեղեկություններ, հետո մի քիչ շեղվեցին թեմայից, սկսեցին անձնական բնույթի հարցեր ուղղել»,- պատմում է Թամարա Օհաջանյանը։

Նա նշել է, որ կրոնական պատկանելության վերաբերյալ հարցերն իրեն անակնկալի են բերել:

«Հարցնում էին, թե ո՞րն է իմ կրոնական պատկանելիությունը, ես հարցրի՝ այսի՞նքն, քանի որ հարցազրույցներին սովորաբար նման հարցեր չեն լինում: Նրանք շարունակեցին նույն հարցը տալ, թե ես ի՞նչ կրոն եմ դավանում։ Ես ապշել էի, բայց ամեն դեպքում պատասխանեցի, որ ոչ մի կրոն չեմ դավանում։ Նրանք ապշեցին և բոլորով ավելի ոգևորված սկսեցին հարցնել, թե ինչպե՞ս, ես աթեի՞ստ եմ, ես ասացի, որ ես հավատում եմ Աստծուն, ուղղակի ոչ մի կրոն չեմ դավանում։ Հարցրին ի՞նչ է դա նշանակում, ես ասացի, որ բոլոր կրոններն ուսումնասիրելուց հետո ես միայն հասկանում, թե որ կրոնն է քեզ ավելի հոգեհարազատ։ Նրանք ինձ հարցրին՝ եթե հիմա քո ծնողները քեզ խաչ նվիրեն, դու այն չես կրելո՞ւ, ես պատասխանեցի՝ ոչ», – պատմել է Օհաջանյանը։

Մեզ հետ զրույցում նա նշել է, որ հարցերն իսկապես իրեն զարմացրել են, քանի որ կարծում է, որ կրոնական պատկանելությունը չի կարող որևէ կերպ կապված լինել իր մասնագիտական որակների և գիտելիքների հետ:

Աստղիկ Թուրաբյանը, որը «Գրանդ Քենդի» ընդունվելու համար հարցազրույցի հրավիրվել է այս տարվա սեպտեմբերին, գրեթե նույն կերպ է նկարագրում հարցազրույցի ընթացքը։

«Հարցազրույցի օրը ես CV֊ով ներկայացա, 6-7 հոգով նստած էին սեղանի շուրջ, սկզբում զարմացել էին, որ ես ներկայացել էի կենսաբանի հաստիքի համար, քանի որ նրանց ավելի շատ անհրաժեշտ էր քիմիկի հաստիքի համար մեկը։ Ինձ հարցրին ես վերլուծական քիմիայից ինչքանո՞վ եմ տեղյակ, պատասխանեցի, որ որակական ինչ֊որ ռեակցիաներ սովորելու ընթացքում մենք արել ենք: Նշեցի, որ սննդի մեջ ինչ֊որ իոնների հայտանբերում կարող եմ անել, բայց իմ մասնագիտական պրոֆիլով, ամեն դեպքում, ես մանրէաբան եմ։ Ինձ հարցրին, թե ես պատրա՞ստ եմ արդյոք գիշերային հերթափոխով 12 ժամ աշխատել և ամենաքիչը որքա՞ն աշխատավարձ եմ ակնկալում, ես էլ ասացի ամենաքիչը 80 հազար դրամ», – պատմում է Աստղիկը։

Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանների մասին կարճ խոսակցությունից հետո հարցազրույցի մասնակիցներն անմիջապես անցել են կրոնական պատկանելության վերաբերյալ հարցերին:

«Նրանք հանկարծակի անցան հետևյալ հարցին՝ վերջին անգամ ե՞րբ ես գնացել եկեղեցի։ Ես փորձեցի հիշել, թե ո՞ւմ հոգեհանգստի ժամանակ եմ եղել եկեղեցում, հետո պատասխանեցի, որ չեմ հիշում՝ երբ եմ այցելել եկեղեցի։ Միանգամից երկրորդ հարցը տվեցին, թե ես ինչ֊որ աղանդավորական հավաքների գնո՞ւմ եմ։ Ես բացասական պատասխան տվեցի։ Ինձ ասացին՝ ո՞նց, պաշտպանությունիցդ առաջ մի հատ չես գնացել եկեղեցի աղոթելու։ Ես ել ասացի՝ իսկ ինչո՞ւ ես պետք է պաշտպանությունից առաջ եկեղեցի գնայի»,- հիշում է Աստղիկը:

Epress.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ «Գրանդ Քենդի» ընկերությունից։ Այնտեղ խնդրել էին ընկերության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ԱՐ հեռուստաընկերություն (նույն հոլդինգի կազմում են): ԱՐ֊ի ընդունարանից ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, վերցրել են լրագրողի հեռախոսահամարը և խոստացել կապվել հարցերին պատասխանելու համար, սակայն մինչև նյութի հրապարակման պահը մենք զանգ չենք ստացել։