Գլխավոր / Առողջապահություն / Ապրիլյան քառօրյայի ժամանակ վիրավորված երիտասարդին հաշմանդամության կարգ չեն տրամադրել

Ապրիլյան քառօրյայի ժամանակ վիրավորված երիտասարդին հաշմանդամության կարգ չեն տրամադրել

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել է հաշմանդամության կարգ տրամադրել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, նախկին ժամկետային զինծառայող, 20֊ամյա Մնաց Սարգսյանին, որն ապրիլյան քառօրյայի ընթացքում ստացել էր բազմաբեկորային վիրավորում և, բացի դա, ունի առողջական մի շարք այլ խնդիրներ:

«Առողջական վիճակս այդքան էլ լավ չէ, մարմնումս 60֊70 բեկոր կա, այդ թվում՝ նաև գլխումս։ Երկու անգամ անցել եմ բժշկական հանձնաժողով, բայց հաշմանդամության թոշակ չեն տրամադրել։ Երբ վերջին անգամ գնացել էի բուժզննության, հայտնաբերել էին նաև հոգեբանական խնդիրներ։ Այս տարվա սեպտեմբերին 10 օր Մուրացանում (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ) պառկել եմ, բուժում ստացել։ Հետո Աբովյան քաղաքի հիվանդանոցում ստուգել են թոքերս, որտեղ պարզվել է, որ թոքիս վրա բշտիկ կա, որն ասացին նախքան բանակում ծառայելն է եղել։ Ես դրա մասին տեղյակ չեմ եղել։ Բացի թոքերի հետ կապված խնդրից, առողջական մյուս խնդիրները ես ձեռք եմ բերել բանակում ծառայելու ընթացքում»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Մնաց Սարգսյանը։

Նախկին զինծառայողը նշում է, որ իր ինքնազգացողությունն օր֊օրի ավելի է վատանում։

«Գլխումս առկա բեկորը շատ է ցավեցնում, աչքիս ներքևի հատվածը գնալով այտուցվում է։ Մուրացանում ես բժիշկներին ասել եմ դրա մասին, իսկ նրանք ինձ ասել են, որ պետք չէ բեկորները հանել, քանի որ վտանգավոր է միջամտելը։ Ես հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բայց ինձ մերժել են հաշմանդամության կարգ տրամադրել»,֊ նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մերժման պատճառն, ըստ հանձնաժողովի պատասխանի, այն է, որ կոնտուզիա ստանալու հետևանքով առաջացած վնասվածքները բժիշկները ներկայացրել են որպես անցողիկ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանն ասել է, որ Մնաց Սարգսյանի հիվանդության, ստացած վնասվածքների բնույթն այնպիսին է եղել, որ բերել է հենաշարժողական և տեսողական ֆունկցիաների աննշան խանգարման։

«Ախտորոշումը հետևյալն է՝ ականապայթյունային վիրավորում զույգ ստորին վերջույթների, ձախ դաստակի, աջ սրունք-թաթային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների բերկորային կույր վիրավորումներ, բազմաթիվ օտար մարմիններ և ցավային սինդրոմ, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով: Իսկ ՀՀ կառավարության 780 Ն որոշմամբ, աննշան խանգարումը չի բերել հաշմանդամության», — նշել է Վարդան Գինոյանն՝ ընդգծելով, որ Մնաց Սարգսյանին տրվել է անհատական վերականգնողական ծրագիր, որի համաձայն հիվանդը կարող է մեկ տարի անվճար բուժսպասարկում անցնել, եթե դրա կարիքն ունի:

Խնդրի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Մնաց Սարգսյանի հայտը քննելիս թոքի հիվանդության և գանգուղեղային տրավմայի էպիկրիզը Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հրաժարվել է կցել գործին: