Գլխավոր / Վերլուծություն / Արցախի հասարակությունը բանակցային գործընթացին լուրջ չի վերաբերվում․ քաղաքագետ

Արցախի հասարակությունը բանակցային գործընթացին լուրջ չի վերաբերվում․ քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև հանդիպումից հետո կատարված հայտարարությունը հայկական կողմի հերթական պարտություններն են։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարել է ստեփանակետրցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, որը քննարկման մասնակիցներին միացել է տեսակամուրջի միջոցով։ Նշենք, որ հանդիպումից հետո համանախագահները հայտարարել էին, որ երկու երկրների նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու համար և քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով։

«Ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ համանախագահները և, առաջին հերթին, ԱՄՆ֊ն, պարտադրել էին մեխանիմզների իրականացում, որը թույլ կտար հեշտացնել էսկալացիայի վերահսկումը հակամարտության գոտում։ Ինչպես հիշում ենք, հայկական կողմը՝ Սերժ Սարգսյանը, մի շարք դիվանագետներ, բազմիցս հայտարարել էին, որ մինչև Ադրբեջանը չհամաձայնի իրականացնել իր ստանձնած պարտավորությունները, որևէ բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենալու։ Ինչպես տեսանք, այդ բանակցությունները տեղի ունեցան, և այդ բանակցությունների արդյունքում ընդունվել է մի հայտարարություն, որում որևէ խոսք չկա ոչ Վիեննայի, ոչ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների մասին։ Սա հստակ հայկական կողմի պարտությունն է, քանի որ և՛ Վիեննայի, և՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները հայկական կողմին հնարավորություն էին տալիս պահպանել ստատուս֊քվոն, պահպանել նաև կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի իմիջը։ Այս ամենը Սերժ Սարգսյանի և հայկական կողմի ջանքերով ջրվել է և գնացել», ֊ ասել է Տիգրան Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչության կարծիքին, ապա ստեփանակերտցի քաղաքագետի խոսքով՝ հասարակությունը բանակցային գործընթացին լուրջ չի վերաբերվում։

«Դա որպես կեղծ իրականություն է ընկալվում։ Հասարակությունը տարիների ընթացքում հասկացել է, որ հակամարտությունը առնվազն մոտակա 10 տարիներում բանակցային լուծում չունի։ Հակամարտության լուծումը պետք է փնտրել այլ հարթություններում․ պետք է զարգացնել տնտեսությունը, կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, որ առայժմ չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում»,֊ ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլից հետո ղարաբաղյան իշխանությունները ոչ միայն ոչ մի դաս չեն քաղել, այլև ոչնչացրել են 20 տարիների ընթացքում Արցախում ստեղծված բոլոր ինստիտուտները՝ փոփոխելով Սահմանադրությունը՝ հանուն Բակո Սահակյանին իշխանության ղեկին պահելու։