Home / Մշակույթ / Ռուսաստանցի արվեստագետին Ֆրանսիայի ԿԲ֊ի շենքն այրելուց հետո հոգեբուժարան են տեղափոխել

Ռուսաստանցի արվեստագետին Ֆրանսիայի ԿԲ֊ի շենքն այրելուց հետո հոգեբուժարան են տեղափոխել

Ռուսաստանցի արվեստագետ Պյոտր Պավլենսկուն տեղափոխել են հոգեբուժարան՝ ստացիոնար բուժման նպատակով, հայտնում է «Մեդուզա»֊ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ֊ներին։

Պավլենսկին Փարիզում բերման էր ենթարկվել հոկտեմբերի 16֊ի վաղ առավոտյան՝ Բաստիլի հրապարակի վրա գտնվող Ֆրանսիայի Կենտրոնական բանկի շենքի դուռը հրկիզելու համար։

Արվեստագետին հոգեբուժարան տեղափոխելու որոշումն ընդունվել է «բերման ենթարկվելուց հետո նրա ցուցաբերած վարքի դիտարկման արդյունքում», գրում է կայքը։ Պավլենսկու զուգընկեր Օկսանա Շալիգինան, որը նույնպես ձերբակալվել էր հրկիզման գործի շրջանակներում, շարունակում է մնալ կալանքի տակ։

«Հրկիզման գործի հետաքննությունը Փարիզի դատախազությունից հանձնվել է անվտանգության տարածքային մարմին»,֊ հայտնել են ֆրանսիական «Le Figaro»֊ի աղբյուրները։

Ակցիան, ըստ Պավլենսկու հարազատների, արվեստագետը բացատրել էր նրանով, որ բանկը գտնվում է Բաստիլի տեղում, և որ «հեղափոխական Ֆրանսիայի վերածնունդն հեղափոխությունների համաշխարհային հրդեհի սկիզբ կհանդիսանա»։

2017 թվականի հունվարին Պավլենսկին ընտանիքի հետ հեռացել էր Ռուսաստանից և հայտարարել, որ ապաստան է փնտրելու։ Ֆրանսիան արվեստագետին ապաստան էր տրամադրել։ Հեռանալու պատճառը Պավլենսու և նրա զուգընկերոջ՝ Օկսանա Շալիգինայի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել «սեռական բնույթի բռնություն գործադրելու» հոդվածի հատկանիշներով։ Այդ մեղադրանքն արվեստագետը չէր ընդունել։

Պավլենսկին հրդեհ֊ակցիա էր արել նաև նախկինում՝ Ռուսաստանում։ 2015 թվականի նոյեմբերի 9֊ին նա բերման էր ենթարկվել Մոսկվայում Լուբյանկայի վրա գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի գլխավոր մուտքը հրդեհելու փորձի համար։ Պավլենսկուն պարտավորեցել էին տույժ վճարել մոտ 1 միլիոն ռուբլու չափով։