Գլխավոր / Մեդիա / Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Վայոց Ձորում Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար հոկտեմբերի 19֊ին մեղադրանք է առաջադրվել 3 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը): Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի Շատին գյուղ՝ բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ հարցազրույցի համար մեկնած լրագրողը տնօրենի հետ հանդիպել է կենտրոնի մասնաշենքում։ Հարցազրույցին ներկա է գտնվել նաև տնօրենի քույրը, ով աշխատում է նույն կենտրոնում որպես ընտանեկան բժիշկ։ Մասնաշենքում է գտնվել նաև վերջինիս ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։

Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարտիրոսյանին հարցեր է ուղղել նաև որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է տնօրենին:

«Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը և կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը», ֊ նշում է ՀՀ Քննչական կոմիտեն: